Բացել լրահոսը Փակել լրահոսը
399e769e-1d98-4bfb-b704-9e8bc474632e_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

Հարիսն ու Բայդենը շնորհավորել են Թրամփին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը զանգահարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան 2024 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ 

Այս մասին հայտնել է Հարիսի նախընտրական շտաբի ավագ խորհրդականը։

Հաղորդվում է, որ նրանք քննարկել են իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը և նախագահի դերի կարևորությունը բոլոր ամերիկացիների համար:

Զրույցը տևել է մի քանի րոպե։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թրամփի նախընտրական շտաբը․ «Նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Քամալա Հարիսն այսօր առավոտյան հեռախոսազրույց են ունեցել, և [Հարիսը] շնորհավորել է նրան՝ պատմական հաղթանակի կապակցությամբ։ Նախագահ Թրամփը բարձր է գնահատել քարոզարշավի ընթացքում դրսևորված փոխնախագահ Հարիսի կարողությունը, արհեստավարժությունը և համառությունը։ Երկու առաջնորդներն էլ գիտակցում են ազգային միասնության կարևորությունը»:

Սպասվում է, որ Քամալա Հարիսը ելույթ կունենա չորեքշաբթի Վաշինգտոնի Հովարդի համալսարանում:

Իր հերթին՝ Սպիտակ տունը հայտնել է, թե նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։

«Նախագահ Բայդենը հայտնել է իր հանձնառությունը՝ ապահովել իշխանության սահուն փոխանցումը, և ընդգծել երկիրը միավորելու ուղղությամբ աշխատելու կարևորությունը», - ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում:

Բայդենը Թրամփին հրավիրել է հանդիպել իր հետ Սպիտակ տանը։

Նախագահ Ջո Բայդենը ծրագրում է ելույթով հանդես գալ հինգշաբթի՝ հաղորդում է ABC-ին։