A
A
Առաջարկվում է կառավարությանը լիազորություն տալ, որպեսզի յուրաքանչյուր տարվա համար հաստատի Սևանա լճում ձկան որսի չափաքանակները
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է Սևանա լճի մասին օրենքի 13-րդ հոդվածում սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացած օրենսդրական բացերով։
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պարզաբանել է, որ «Սևանա լճի մասին» օրենքի շրջանակում տարեկան ծրագրի մշակումը պարտադիր է, և այդ ծրագրում ներառվում են Սևանա լճի կենսառեսուրսների, այդ թվում՝ ձկնային և խեցգետնային արդյունահանման տարեկան առավելագույն չափաքանակները։ Սակայն նշված չափաքանակները որոշվում են միայն համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, որոնք իրականացվում են երկու փուլով՝ նոյեմբերին և հունիսին։
«Յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան պաշարների ուսումնասիրությունն իրականացվում է տարեկան կտրվածքով և տվյալները ստացվում են տարվա վերջ՝ դեկտեմբեր ամսին, ինչը հիմք է հանդիսանում հաջորդ տարվա ձկան արդյունագործական որսի առաջին փուլի չափաքանակ հաստատելու համար։ Միևնույն ժամանակ ամառային շրջանում իրականացված գիտական հետազոտության տվյալները ձեռք բերելուց հետո սահմանվում են արդյունագործական որսի 2-րդ՝ աշնանային որսաշրջանի չափաքանակները։ Ինչն էլ ենթադրում է արդեն ընթացիկ տարում հաստատված որոշման մեջ լրացումների կամ փոփոխությունների իրականացում։ Չափաքանակների հաստատումից հետո որսի գործընթացը սահմանված կարգով իրականացնելու համար տրվում է հայտարարություն, հավաքագրվում են հայտերը, մշակվում և սահմանված կարգով կնքվում է Սևանա լճում արդյունագործական որսի պայմանագրեր, ինչը նունյպես ժամանակատար գործընթաց է:
Տարեկան ծրագրի շրջանակներում այս գործընթացը իրականացնելը առաջացնում է խոչընդոտներ նաև բուն որսի իրականացումն իրատեսական ժամկետներում կազմակերպելու տեսանկյունից։
Առաջարկվում է կառավարությանը լիազորություն տալ, որպեսզի յուրաքանչյուր տարվա համար, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, գործադիր մարմինը կարողանա հաստատել Սևանա լճում ձկան որսի չափաքանակները»,- նշել է Մկրտչյանը։