Բացել լրահոսը Փակել լրահոսը
464435896_863685525953319_5260838804560427768_n
A A
Պաշտոնական

Հայաստանում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը

Պատվաստումները միլիոնավոր մարդկանց պաշտպանում են ինչպես ծանր ընթացքով վարակիչ հիվանդություններից, այնպես էլ դրանցից առաջացած բարդություններից: Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն ամբողջ աշխարհում գրեթե վերացել է, վայրի պոլիովիրուսի շրջանառությունը դեռևս շարունակվում է միայն Աֆղանստանում և Պակիստանում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները, սակայն կարող են հիվանդանալ նաև ավելի բարձր տարիքի անձինք։

Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը: Իսկ կարգավիճակի հետագա պահպանման համար անհրաժեշտ է ապահովել բնակչության կոլեկտիվ անընկալությունը: 2020 թվականից մեր երկրում պոլիոմիելիտի կենդանի բերանային պատվաստանյութից անցում է կատարվել ինակտիվացված բաղադրիչով համակցված պատվաստանյութի:

Պոլիոմիելիտի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է: