Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_9955Ա
A A
Քաղաքականություն

Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկվել են հայերին ադրբեջանական հանցագործություններից պաշտպանելու հնարավոր միջոցները

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանը և Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել են Արցախի և Հայաստանի ժողովուրդների նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, արցախահայերի իրենց հայրենիք վերադարձի և Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայերի հայրենադարձման հետ կապված հարցեր:

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ծառայողների կողմից, ինչի հետևանքով մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, սեփականությունից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի շրջափակումը, բռնի տեղահանումն ու այլ զանգվածային հանցագործությունները: Նա ընդգծել է իրականացված ցեղասպանության ու հայրենազրկման համար պատասխանատու անձանց միջազգային պատժի, հայ պատանդների ազատ արձակման, հոգևոր-մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման անհրաժեշտությունը՝ հատկապես COP29 համաժողովին ընդառաջ:

Գառնիկ Քերքոնյանը վերլուծել է տեղի ունեցած հանցագործությունները միջազգային իրավունքի տեսանկյունից՝ շեշտադրելով ցեղասպանական մտադրության ակնհայտությունը: Նա ուշադրություն է հրավիրել այդ հանցագործությունների հայատյացության համատեքստի վրա՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ է հաշվի առնել այդ առանձնահատկությունները և ապահովել համապատասխան պայմաններ դրա համար:

Այս գործիչների այցն ու հանդիպումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի կողմից՝ ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ: