Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վերլուծաբանները քննարկում են իրան-իսրայելական լայնածավալ հնարավոր պատերազմի հետևանքները Հայաստանի ու տարածաշրջանի համար (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Երևանը մտահոգ է Իրանի ու Իսրայելի միջև սրացմամբ։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարը: Վերլուծաբանները քննարկում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրանա-իսրայելական հնարավոր լայնածավալ պատերազմը Հայաստանի ու տարածաշրջանի համար

Հայաստանը մտահոգված է Իրանի ու Իսրայելի միջև հակամարտության սրացմամբ՝ օրերս Վարշավայում կայացած անվտանգության ֆորումին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, թե Երևանը հույս ունի, որ «այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա»:

«Եթե հետևում եք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, միտումներին և քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա մենք՝ Հայաստանում, փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովենք, սակայն տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող երկրները հրթիռային հարվածներ են հասցնում միմյանց: Իհարկե, դա մեզ մտահոգում է: Չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա»,- ասել է Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարի մտահոգությունը կիսում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլյանը: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նա ընդգծում է՝ լայնածավալ պատերազմը Իրանի ու Իսրայելի միջև, որի հավանականությունն, ըստ նրա, հիսուն տոկոս է, աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար:

«Այս իրավիճակը աղետաբեր սցենար է Հայաստանի համար, որովհետև այդ տարածաշրջանում նմանատիպ պատերազմը ամեն ինչ կփոխի: Իրանը մեծ տերություն է։ ... Եթե լայնածավալ պատերազմ սկսվեց, Իրանը կդառնա անկայուն պետություն»,- ասում է նա:

Անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին՝ վերլուծաբանը պնդեց, թե Մոսկվան ու Բաքուն միասնաբար են գործում Երևանի դեմ:

«Վստահ եմ, որ Ադրբեջանը կօգտվի այս իրավիճակից։ Հայկական բանակը չի կարող Ադրբեջանի դեմն առնել։ Այս պահին Հայաստանին առնվազն հինգ տարի է պետք, որպեսզի հասնի այդ կետին։ Կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես սպասում է այդ օրվան և օգտվելու է դրանից, որպեսզի տապալի Հայաստանի կառավարությունը և Հայաստանը դարձնի Բելառուսի նման մի երկիր Հարավային Կովկասում»,- ասում է Փայլյանը:

Գարո Փայլյանի խոսքով՝ Բաքուն շարունակում է ռազմատենչ քաղաքականություն վարել Հայաստանի դեմ և չի պատրաստվում կնքել հաշտության պայմանագիր: Ըստ նրա՝ Բաքուն ձգտում է միջանցք ունենալ Հայաստանի միջով՝ Ադրբեջանի տարածքը Նախիջևանին կապելու համար:

«Ադրբեջանն ունի երազանք՝ միջանցք ստանալ դեպի արևմտյան Ադրբեջան Հայաստանի միջով։ Պարադոքսն այն է, որ միակ երկիրը, որը դեմ է այս միջանցքին Իրանն է։ Եթե սկսվի լայնածավալ պատերազմ Իրանի և Իսրայելի միջև, Հայաստանը խոցելի կդառնա, և, կարծում եմ, Ադրբեջանը սպասում է դրան»,- նշել է նա։

«Սա լուրջ և անկանխատեսելի ճգնաժամ է, որը սպառնում է ներառել Հարավային Կովկասի պետություններին, հատկապես՝ Հայաստանին և Ադրբեջանին, որոնք սահմանակից են Իրանին»,- Իրանի ու Իսրայելի միջև լայնածավալ պատերազմի հավանականության և Հարավային Կովկասի վրա դրա անդրադարձի մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան՝ իր կարծիքն է ներկայացրել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը:

«Ոչ ոք չգիտի, թե ինչպես կամ երբ Իսրայելը կպատասխանի [Իրանի] նախորդ հրթիռային և անօդաչուների կիրառմամբ հարձակմանը։ Այս ճգնաժամը դանդաղեցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ շփումները»,- գրել է նա:

Նրա կարծիքով՝ Իրանի և Իսրայելի հակամարտության պայմաններում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կայացման հնարավորությունը 2024 թվականին նվազում է՝ հաշվի առնելով նաև գալիք COP29 համաժողովը Բաքվում:

Իր հերթին՝ American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը, պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցմանը, նշել է, որ Իսրայելը ավելի շատ հենվում է իրաքյան Քուրդստանի վրա, քան՝ Ադրբեջանի, և Իրանի հետ Իրաքյան Քուրդստանի սահմանն ավելի թափանցիկ է, քան Ադրբեջանի։

«Թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը առևտուր են անում Իրանի հետ, բայց Հայաստանն անում է անհրաժեշտությունից դրդված, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակել են այլ եկամտաբեր շուկաները։ Մինչդեռ, նախագահ Ալիևն առևտուր է անում և նավթ փոխանակում [Իրանի հետ] միմիայն շահադիտական նպատակից դրդված։ Իրանը կարող է սպառնալ Ադրբեջանին, բայց դա ավելի շատ խաղ է, քան իրական քայլ»,- նշում է Ռուբինը:

Սակայն նրան մտահոգում էր այն հանգամանքը, որ իրանա-իսրայելական լայնածավալ բախման դեպքում Հարավային Կովասը կարող է վերածվել «ահաբեկչության խաղատախտակի»։

«Իրանական գործակալները կարող են թիրախավորել իսրայելցի դիվանագետների կամ գործարարների, իսկ իսրայելական հետախուզությունը կարող է թիրախավորել իրանցի գործընկերներին կամ այդտեղ այցելող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին»,- կարծիք է հայտնել Ռուբինը՝ հավելելով, սակայն, որ նման զարգացումն իր բնույթով կլինի «սահմանափակ ճգնաժամ»:

Նրա խոսքով՝ խաղաղությունը Հարավային Կովկասում շարունակում է մնալ ցանկալի երազանք, որի առավել ավելի մեծ խոչընդոտն է, ըստ նրա, Բաքվի վարած քաղաքականությունը: Բացի այդ, վերլուծաբանի կարծիքով, տարածաշրջանի շատ երկրներ և ոչ միայն Իրանը, չափազանց մեծ շահեր ունեն այստեղ, որպեսզի թույլատրեն խաղաղություն հաստատել, եթե այն իրենց պայմաններով չէ։ «Այսօր ավելի մեծ խնդիրներ են Ռուսաստանը, Թուրքիան և հենց Ադրբեջանը», այլ ոչ թե Իսրայելը, գտնում է Ռուբինը: