WITSA-ն հայտարարեց 2024 թվականի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների անունները
Աջակցիր «Ա1+»-ինWCIT2024/DigiTec-ի շրջանակներում Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), հայտարարեց Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների (WITSA Global Innovation and Tech Excellence Award) անունները: Ավելի քան 50 երկրներից ստացված 130 հայտերից մրցանակ ստացան 21 անհատներ, կազմակերպություններ և նախագծեր, որոնք էականորեն նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Հաղթողները ցուցադրել են գերազանցություն՝ մարդու կյանքի բարելավման գործում թվային նորարարությունների և պետական ու մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությանը իրականացմամբ։
WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակները շնորհվում են տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում նկատելի ներդրումներ կատարած անհատներին և կազմակերպություններին: Մրցանակները նպատակ ունեն ցուցադրելու տեխնոլոգիաների վերափոխիչ ուժը տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, կիբերանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ), առողջապահության, կրթության, ֆինանսների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
Agenus Inc. բիոտեխնոլոգիական ընկերության տնօրեն Դր․ Գարո Արմենն արժանացավ WITSA-ի պատվավոր անդամի (WITSA EMINENT PERSON AWARD) կոչմանը։ 2010 թվականից WITSA-ն շնորհում է այս ամենաբարձր պարգևը, որը կոչված է պատվելու և ճանաչելու այն անհատներին, որոնք էական և խորապես դրական փոփոխություններ են բերել այլոց կյանքում։ Agenus Inc.-ը նպատակ ունի նորարարական իմունաթերապիաներ մշակել քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Agenus-ի ամենախոշոր նվաճումներից մեկը BOT/BAL համակցված թերապիայի մշակումն է, որը ցույց է տվել բացառիկ հաջողություններ դժվար բուժվող քաղցկեղների, այդ թվում՝ մետաստատիկ հաստաղիքային քաղցկեղի դեմ պայքարում։ Այս թերապիան վերակենդանացնում է իմունային համակարգի բնական կարողությունը՝ պայքարելու քաղցկեղի դեմ, ինչը մեծ առաջընթաց է քաղցկեղների բուժման գործում, որոնք նախկինում համարվում էին անհաղթահարելի։
«Սա շատ պարտավորեցնող է ինձ համար։ Քաղցկեղը դարձել է աճող համաշխարհային մարտահրավեր, և մեր ամենօրյա աշխատանքում կարիք կար լուծումներ գտնելու դրա դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք քաղցկեղի կանխարգելման և բուժման կենտրոններից առաջարկներ էինք ստանում՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների շրջանում, քաղցկեղի վաղ հայտնաբերման լուծումներ մշակելու ուղղությամբ։ Շուրջ 20 տարի է, ինչ մենք աշխատում ենք Հայաստանի գյուղերում և այսօր մեր ծրագրերը հասանելի են ավելի քան 100 գյուղերում։ Հայաստանում WCIT2024/DigiTec-ը կարևոր դեր է խաղում այս ամենի հանրայնացման գործում՝ ցուցադրելով հաջողված գործիքներ, որոնք ապացուցում են, որ տեխնոլոգիաները կարող են դառնալ հզոր միջոց և ինտեգրվել կյանքի բոլոր ոլորտներում»,- նշեց Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը։
Երեք տարբեր մայրցամաքներից ընտրված 21 անհատներ ու կազմակերպություններ արժանացան 2024 թվականի WITSA Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակի, ներառյալ՝ WITSA-ի նախագահի հատուկ մրցանակն ու WITSA-ի պատվավոր անդամի մրցանակը: WITSA-ն համարվում է գլոբալ թվային տեխնոլոգիաների արդյունաբերության հանրայնացման ամենահայտնի կառույցը, որը ներկայացված է 80 անդամ երկրներում և տնտեսություններում:
«2024 թվականի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակների ժյուրիի կազմը մեծ պատիվ ունեցավ ուսումնասիրելու մոտ 130 եզակի և նշանակալի հայտեր։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր հաղթողներին այն բացառիկ աշխատանքի համար, որ նրանք կատարում են՝ թվային տեխնոլոգիաների առավելությունները հասցնելով քաղաքացիներին, կառավարություններին, արդյունաբերություններին և համայնքներին՝ ընդգրկելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Այսպիսով, նրանք նպաստում են WITSA-ի տեսլականին՝ իրականացնելով թվային, նորարարական և տեխնոլոգիական արդյունաբերության տեսլականը՝ հանուն գլոբալ համայնքի կայունության և բարեկեցության»,-ասաց Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), Դր. Շան Սիան։
WITSA-ի մրցանակները հանրաճանաչում են պետական և մասնավոր համայնքների արդյունավետ համագործակցությունները, որոնք արհեստական բանականության, մեծ տվյալների և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների հիման վրա ստեղծում են թվային լուծումներ։ Մրցանակակիրների թվում էին շարժական էլեկտրոնային դրամապանակի, երթևեկության կառավարման և անվտանգության բարելավման համար առաջադեմ լուծման, ԱԲ-ով աշխատող ճանապարհորդության պլանավորման նախագծի, ԱԲ-ի օգտագործմամբ հեռավար զննումն ու ավտոմատացումը հեշտացնելու համար հեռաբժշկության նորարարական համակարգի և մի շարք այլ նորարարական նախագծեր։
«Մեծ պատիվ է մեզ համար հյուրընկալել WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակաբաշխությունը WCIT2024/DigiTec-ի օրերին։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, ինչպես նաև Գարո Արմենին։ Պարոն Գարո, դուք հսկայական աշխատանք եք կատարում քաղցկեղի բացահայտման և բուժման գործում։ Վստահաբար կարող ենք ասել, որ տեխնոլոգիաները էապես փոխում են մարդկանց կյանքի որակը»,- նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվում է WCIT2024/DigiTec-ը, որը Հայաստանը վերածել է տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհաին հարթակ է դարձել՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։