Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Ալիևը կրկին սպառնացել է ՀՀ–ին, մեղադրել Արևմուտքին, «անշնորհակալ» անվանել ԱՄՆ Պետդեպին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջրականում ադրբեջանցի վերաբնակների հետ հանդիպմանը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և հորդորել «վերջ տալ վտանգավոր խաղերին»։

Նա նաև ասել է, որ Հայաստանը չպետք է մոռանա «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության» մասին, գրում է Turan-ը։

Անդրադառնալով Ֆրանսիային՝ Ալիևն ասել է, որ այդ երկիրը զինում է Հայաստանին և «Արևմուտքի մյուս երկրների հետ ժամանակին փորձել է նվաստացուցիչ խաղաղության դրդել Ադրբեջանին»։

Ըստ նրա, Արևմուտքը չի կարողանում ներել Ադրբեջանին, որ վերջինս «առանց իրենց թույլտվության վերականգնել է իր իրավունքները»։

Ալիևն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված 60 կոնգրեսականի նամակին, որով կոչ է արվում ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։

Ալիևը «զազրելի» է անվանել այդ նամակը և ասել է, որ դա վկայում է, որ «թշնամանքի քաղաքականությունն Ադրբեջանի դեմ չի դադարում»։

«Կարդալով այդ հայտարարությունը, ես հասկացա, որ հեղինակն էլ, հասցեատերն էլ նույնն է՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտը՝ իրենք իրենց նամակ են գրում, սպառնում են մեզ, մեղադրում»,–ասել է Ալիևը։

Ըստ նրա, երբ Ադրբեջանը պետք էր ԱՄՆ–ին, որը զորք ուներ Աֆղանստանում, 907–րդ ուղղումն ամեն տարի չեղարկվում էր, իսկ երբ Վաշինգտոնը հանեց զորքերն այնտեղից, «պատժամիջոցները կրկին սահմանվեցին»։

«Ինչ աստիճանի անշնորհակալ պետք է լինել»,–ասել է Ալիևը։