Բացել լրահոսը Փակել լրահոսը
461250274_929132479258570_6397673860561445978_n
A A
Պաշտոնական

10 հարց՝ ԼՂ հայրենակիցների կողմից երեխայի ծննդով պայմանավորված նպաստների իրավունքի իրացման վերաբերյալ

10 հարց՝ ԼՂ հայրենակիցների կողմից երեխայի ծննդով պայմանավորված նպաստների իրավունքի իրացման վերաբերյալ։ Ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
______________________________
❓ Հարց 1։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստների ո՞ր տեսակների համար կարող եմ դիմել:
✅ Պատասխան։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար՝
· մայրության նպաստ,
· երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
· խնամքի նպաստ։
❓Հարց 2։ Երեխայի ծննդով պայմանավորված նպաստներից օգտվելու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:
✅ Պատասխան։ Երեխայի ծննդով պայմանավորված նպաստներից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման չէ։ Պարտադիր է միայն հաշվառում ունենալ ՀՀ-ում ունենալ բնակության վայրում։
❓ Հարց 3։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար պարտադիր է արդյոք, որ ծնողը և նորածին երեխան հաշվառված լինեն ՀՀ բնակության վայրի հասցեով:
✅ Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածին երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով:
❓ Հարց 4։ Երեխաս ծնվել է ԼՂ-ում՝ 2023 թ․ դեկտեմբերին, արդյոք կարող եմ ՀՀ-ում դիմել խնամքի նպաստի նշանակման համար։
✅ Պատասխան։ Եթե երեխան ծնվել է 2023 թ․ հունվարի 1-ից հետո, անկախ ծնողի՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աշխատող կամ չաշխատող լինելու հանգամանքից, վերջինս ՀՀ-ում կարող է դիմել խնամքի նպաստի նշանակման համար։
· եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ՝ ծնողը չի գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 31,600 դրամ,
· եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 37,500 դրամի չափով։
Ընդ որում, ծնողը և երեխան պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան պետք է գտնվի երկրում։
❓ Հարց 5։ Երեխայի ծնվելուց հետո ինչքան ժամանակ ունեմ դիմելու տվյալ նպաստների նշանակման համար։
✅ Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար անհրաժեշտ է դիմել երեխայի ծնվելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում։
Խնամքի նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո։ Ընդ որում, այդ ժամկետից հետո՝ 12 ամսվա ընթացքում դիմելու դեպքում նպաստը կնշանակվի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Երեխայի 70 օրականը լրանալուց 12 ամիս հետո (մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը) դիմելու դեպքում նպաստը կնշանակվի դիմելու ամսվա 1-ից։
❓ Հարց 6։ Պատրաստվում եմ երկրից կարճ ժամանակով բացակայել․ արդյոք դա կարող է ազդել նպաստների վճարման գործընթացի վրա։
✅ Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարման փոխանցելուց հետո, եթե անձը չի ներկայացնում այդ գումարը ստանալու պահանջ, ապա փոխանցված և չվճարված նպաստի գումարը վերադարձվում է պետական բյուջե։
Խնամքի նպաստի դեպքում (2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ նշանակված) նպաստ ստանալու իրավունքը դադարում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս և ավելի ժամկետով բացակայելու հիմքով։
❓ Հարց 7։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի աջակցությունից օգտվելու համար պարտադի՞ր է ունենալ ՀՀ քաղաքացիություն։
✅ Պատասխան։ Այո՛, աջակցությունից օգտվելու համար պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն։
❓ Հարց 8։ Արդյոք կձևավորվի հետվճար, եթե անկանխիկ գործարքներն իրականացնեմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար նախատեսված քարտով։
✅ Պատասխան։ Այո՛, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար նախատեսված քարտով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6,000 դրամը։
❓ Հարց 9։ Երեխայի ծննդով պայմանավորված նպաստների նշանակման համար պարտադի՞ր է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, թե՞ կարող եմ նաև առցանց եղանակով դիմել:
✅ Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի դիմումը կարող եք մուտքագրել առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու, եթե երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումը իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը։ Չաշխատող անձին նշանակվող մայրության նպաստի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
❓ Հարց 10։ Ինչ փաստաթղթեր պետք է ունենամ՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների նշանակման համար դիմում ներկայացնելու համար։
✅ Պատասխան։ Մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, ՀԾՀ և ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայական)։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, ՀԾՀ կամ երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, ՀԾՀ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական։