Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատարանը մեղավոր ճանաչեց 2 դրվագով՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքներում, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ըստ մեղադրանքի՝ 2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար խոչընդոտել է նոտարների կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 1 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին։ Նա նաև հարկադրել է Նոտարական պալատի նախագահին ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանավության ենթարկելու վաղեմության ժամկետները 2019թ.-ին անցած լինելու պատճառաբանությամբ:
«Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,- դատավճիռը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Հրայր Թովմասյանից դատարանը բռնագանձեց 5 մլն 203 հազար դրամ, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում: