Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Իշխող խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետներ չի նշում (տեսանյութ)

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կարող ասել հստակ ժամկետներ, թե երբ Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիրը։

խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը մինչև COP29-ը պետք է ցույց տա, որ անկեղծ խաղաղություն է ցանկանում: Ֆրանսիացի նախարարն իր խոսքում ակնկալելել էր, որ մինչև այդ գագաթնաժողովը խաղաղության պայմանագիրը կկնքվի։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանով է իրատեսական այս ժամկետը, արդյոք միջազգային բավարար ճնշում կա այս ուղղությամբ, նաև՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ, Հովհաննիսյանն ասաց.

«Ժամկետների մասին, բնականաբար, չենք խոսում, որովհետև գործընթաց է տեղի ունենում։ Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք, հիմա չենք կարող։ Միջազգային գործընկերների աջակցություն կա։ Թե որքանով է մեծ ճնշումը Ադրբեջանի վրա, կարող ենք դատել տեղի ունեցող իրադարձություններից, նաև՝ տարբեր երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից: Այո, Ադրբեջանում կազմակերպվելիք միջոցառումը բավականին կարևոր է, ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում։ Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգը առաջ տանելու համար։ Ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ տեսքով՝ սրա մասին շատ ենք խոսել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գործընթացներ են տեղի ունենում, և հուսով է, որ ամեն բան կտանի դեպի դրական զարգացում։