Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժում է առանց չհամաձայնեցված կետերի խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ առաջարկը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված դրույթներով ստորագրելու, չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումներն էլ շարունակելու՝ Հայաստանի առաջարկին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Նա հայկական կողմի այդ առաջարկն անընդունելի է անվանել, գրում է Minval.az-ը։
«Թեև նախագծի կետերից շատերը, մոտ 80 տոկոսը, արդեն համաձայնեցված են, որոշ դրույթներ դեռ չի հաջողվել համաձայնեցնել։ Սակայն, դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց չհամաձայնեցված կետերի, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Դա չի կարող ընդունելի լինել։
Որպեսզի խաղաղության պայմանագիրը կայուն և հաջող լինի, նախագծում պետք է պարզաբանված լինեն երկրների միջև առկա բոլոր խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով»,–ասել է Հաջիզադեն։
Նա կրկնել է այն թեզը, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, չփորձի վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։
«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը հղում է պարունակում մեր երկրի հանդեպ տարածքային պահանջների վրա»,–ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։