«Փյունիկը» դեռեւս տեղեկություններ չունի
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ երեք օրով կմեկնի Արցախ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Հայաստանի առաջնության երկրորդ շրջանի վերջին խաղը կանցկացնենք հունիսի 26-ին, որից հետո պատրաստվում ենք երեք օրով մեկնել Արցախ: Վերադառնալուց հետո մարզումները կշարունակենք Երեւանում: Մինչեւ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մեկնարկը նախատեսել ենք մեկ ընկերական խաղ: Երեւի ստուգողական հանդիպում կանցկացնենք Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի հետ»:
Խոսելով ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքի մասին, Վարդան Մինասյանն ասաց.
«Հաշվի առնելով «Փյունիկի» ներկայիս վիճակը եւ կրած կորուստները, մեր համար միեւնույն էր, թե ինչ մրցակից բաժին կհասներ մեզ: Չեխական «Վիկտորիան» լավ թիմ է, որովհետեւ Չեխիայի առաջնությունը բարձր խաղամակարդակ ունի: Մենք առայժմ շատ տեղեկություններ չունենք «Վիկտորիայի» մասին, քանի որ թիմն այժմ ընկերական հանդիպումներ է անցկացնում: Դրանց տեսագրությունները դիտելուց հետո նոր որոշակի կարծիք կկազմենք մեր մրցակցի մասին»: