Կոնֆերենցիաների լիգա. Լոնդոնի «Չելսին»՝ «Նոայի» հավանական մրցակից
Աջակցիր «Ա1+»-ինԸնթացիկ մրցաշրջանում վաստակած միավորներով Հայաստանը զբաղեցնում է 8-րդ տեղը:
Ավարտվեց ֆուտբոլի եվրոպական լիգաների որակավորման փուլը: Հայաստանի 4 ակումբներից խմբային փուլ մտավ միայն «Նոան», որը չնայած վերջին խաղում 1:3 հաշվով պարտվեց սլովակյան «Ռուժոնբերոկին», սակայն տանը տարած 3:0 հաղթանակի հաշվին առաջին անգամ հայտնվեց եվրոպական ֆուտբոլի էլիտայում:
Այժմ մեր թիմին սպասում է 6 հանդիպում 6 տարբեր մրցակիցների հետ:
Ի դեպ, «Նոային» կարող են մրցակից բաժին հասնել այնպիսի ուժեղ թիմեր, ինչպիսիք են Լոնդոնի «Չելսին», Կոնֆերենիցաների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Ֆիորենտինան», իսպանական «Բետիսը» և այլն:
Խաղերը կայանալու են հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
«Փյունիկը» Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ պատասխան խաղում, ավաղ, խոշոր հաշվով պարտություն կրեց՝ 1:4:
Թիմը պայքարեց մինչև վերջ, չնայած սկզբից մնացել էր 10 ֆուտբոլիստով: Սակայն, խաղավերջում մեր թիմը երկու ցավալի գոլ բաց թողեց և ավարտեց ելույթները:
Նախնական չորս փուլերից հետո պայքարից դուրս են մնացել 14 երկրների ակումբներ:
Չորսական թիմ են կորցրել Կոսովոն, Ֆարերները, Մալթան, Լիտվան, Էստոնիան, Ալբանիան, Լյուքսեմբուրգը և Վրաստանը:
Ցածր վարկանիշ ունեցող երկրներից անսպասելի խմբային փուլ են մտել Բելառուսը, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան:
Իսկ բարձր վարկանիշ ունեցող երկրներից առավել մեծ կորուստներ կրել են Իսրայելը, Խորվաթիան, Ուկրաինան, Սերբիան, Հունգարիան, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան՝ 3-ական թիմ:
Առաջին քառյակից՝ Անգլիայից, Իտալիայից, Իսպանիայից ու Գերմանիայից բացի, թիմ չեն կորցրել նաև Պորտուգալիան ու Բելգիան: Հայաստանը վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 34-րդ տեղը:
Խմբային փուլում «Նոայի» հաջող ելույթի ժամանակ մենք կարող ենք բարձրանալ 33-րդ հորիզոնական և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել:
Ընթացիկ մրցաշրջանում վաստակած միավորներով (3,625) Հայաստանը զբաղեցնում է 8-րդ տեղը:
Գագիկ Եղիազարյան