Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

2024 թվականի տարվա սկզբին այդ խնդիրը չկար, բայց արդեն 3-4 ամիս առաջ գրեթե ամեն օր սկսեցի ահազանգեր ստանալ շենգենյան վիզա չտրամադրելու մասին, մարտ-ապրիլ ամսիներին էր, որ գրանցվեցին առաջին դեպքերը: Այս մասին «Ինչու արցախցիները չեն կարողանում շենգենյան վիզա ստանալ» քննարկման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Դեսպանատների մոտեցումները կբաժանեի երեք մասի. դեսպանատներ, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, խոսքը, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատան մասին է: Չի եղել որևէ դեպք, որ մերժեն ընթացքավորել՝ պատճառաբանելով, որ անձնագիրը 070 կոդով է:
Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում: Օրինակ՝ գիտեմ, որ նույն անձանց Գերմանիայի դեսպանատունը մերժել է, չի ընթացքավորել, հետո հրավիրող կողմն առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, և տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել վիզան: Եվ դեսպանատներ, որոնք ընդհանրապես որևէ ձևով չեն ընթացքավորում և հետևաբար չեն տրամադրում, եթե անգամ դիմում է հրավիրող կողմը: Դրանց շարքում կընդգծեի Լեհաստանի, Լատիվիայի, Չեխիայի դեսպանատները»,- ասաց Ստեփանյանը:

Նա հավելեց, որ կոնկրետ երկրներ կան, որ չեն ընթացքավորում, երկրներ կան որ ընթացքավորում են, և կան երկրներ, որ տարբերակված մոտեցում են ցուցաբերում:

 

 

 

 

Բանախոսներ՝ ✅Արտակ Բեգլարյան՝ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ ✅Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան ✅Լիզա Մաթևոսյան՝ տեղահանված արցախցի Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք հայտնում են, որ տարբեր դեսպանատներ, այդ թվում՝ Լեհաստանի, Գերմանիայի և Չեխիայի, հրաժարվում են մուտքի արտոնագրեր տալ կամ նույնիսկ ընդունել իրենց դիմումները։ Դեսպանատները որպես մերժման պատճառ նշում են այս անձանց տրված հայկական անձնագրերի «070» ծածկագիրը։ 070-ը Ստեփանակերտի անձնագրային ծառայության ծածկագիրն է։ Մինչ բռնի տեղահանումը այդ ծածկագրով անձնագրերը տրվում էին բացառապես Ստեփանակերտում։ Հայաստանի կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ կառավարությունը ժամանակավոր պաշտպանություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Սույն որոշմամբ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը (փախստականի կարգավիճակ) ճանաչվում են որպես ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Մեդիա կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարության։ Քննարկման ընթացքում կներկայացվի նաև ԱԳՆ-ի պարզաբանումը։