Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 27-ը օգոստոսի (տեսանյութ)

Վեհափառ Գարեգին Առաջինն այնքան էլ ոգեւորված չէ 1997-ի օգոստոսի 27-ին իր ծննդյան օրը Փարաջանովի տուն թանգարանում տեսած Մեծ վարպետի կոլաժներից։Նա ուզում է հասկանալ, թե ի՞նչ է նկատի ունեցել Փարաջանովը, երբ կոլաժներում օգտագործել է Խաչեր եւ Գավազաններ։ Նրան բացատրում են, որ Փարաջանովը այդպես է տեսնում իր ֆիլմերից մեկի նախնական պատկերը։

1998-ի այս օրը հայտնի է դառնում, որ «Հայֆիլմ» կինոստուդիան կսեփականաշնորհվի։Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին վարչապետ Արմեն Դարբինյանի խորհրդականն ասել է՝ եթե պետք եղավ, «Հայֆիլմը» կվերածվի կազինոյի։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը Կոտայքի մարզի մի քանի գյուղերի հողերի ինքնահոս ոռոգման խողովակաշարի բացմանը։Միջոցառման ընթացքում խողովակներից այդպես էլ ջուր չի հոսում, մինչդեռ 477 հազար ամերիկյան դոլար են ծախսել։

2000 թվականի այս օրը Արտաշես Գեղամյանը դեռ դժգոհ, որ երեք ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը վարչապետք է նշանակել Անդրանիկ Մարգարյանին։3 օր առաջ վարչապետը Գեղամյանին անվանել էր հուղարկավոր։ Գեղամյանն ասում է, որ ինքն, իհարկե, մտադիր չէ խանգարել Անդրանիկ Մարգարյանին, միեւնույն է, նրա ծրագրերը դատապարտված են ձախողման։

2000 թվականի օգոստոսի 26-ին Դավիթաշենում բացվում է «Տասից տաս» հրաձգարանը։ Բոլորս պետք է կարողանանք զենքի հետ վարվել սովորել,-պարզաբանում է Դավիթաշենի թաղապետը։ Կրակելն էլ կարծես թե թանկ հաճույք չի լինելու։

Նույն օրը շախմատիստի տանը մեկնարկում է Հայաստանի շախմատի 60-րդ առաջնությունը։Առաջնությանը մասնակցում են նաեւ իրանցիներ։ Բացմանը հնչում է երկու երկրների հիմները։ Առաջնության բացառիկություններից է եւ այն, որ տղամարդկանց պայքարին կմասնակցի մեկ կին շախմատիստ։

Նույն օրը կառավարության շենքի առջեւ են թոշակառու զինվորականները՝ նրանց իրավունքները ոտնահարված են։Կառավարությունից պահանջում են սոցիալական արդարություն՝ ինչու՞ մինչեւ 95 թվականը թոշակի անցած զինվորական սպան 65-70 հազար դրամի փոխարեն պետք է ստանա 10-12 հազար դրամ թոշակ։

Դաշնակցական Էդիկ Հովհաննիսյանը ոչ մի հույս չի կապում հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հետ։Այնտեղ դեռ վիճարկում են ցեղասպանությունը պատմաբաններին թողնելու հարցը։ Ուստի վատ չէր լինի, եթե բանակցություններին հայաստանցիներ չմասնակցեն։

Նոր Խարբերդի այգեգործական ընկերությունների այգեգործները էներգետիկայի նախարարությունից պահանջում են վերականգնել այգիների համար անհրաժեշտ 7 օր առաջ անջատված էլեկտրականությունը։ Էրեբունիի էլեկտրացանցն անջատել են, քանի որ տեղամասային եւ անհատական հաշվիչների ցուցմունքները չեն համապատասխանում։

Համահայկական երկրորդ խաղերի մասնակիցների մեջ կան հայեր, որոնք իրենց կյանքում չեն տեսել այնքան հայ, որքան խաղերի օրերին։ 2001-ի այս օրը Մարզահամերգային համալիրում փակվում են երկրորդ համահայկական խաղերը։ Սփյուռքահայերը հիացած են Ռոբերտ Քոչարյանի ներկայությունից։

Ահա այսպես Ազգային համաձայնության ճակատի ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանը գլխավոր դատախազությունից ժամանած քննիչին բացատրում է, թե ինչ է նկատի ունեցել, երբ մի քանի օր առաջ Գյումրիի հանրահավաքում ուղղակի կապ է տեսել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։

Ստեփանավանի Ուրասար գյուղի տարածքում մոտ 100 տարի պեղումներ են իրականացրել ֆրանսիացիները։ Թե ինչ են փնտրել, գյուղացիներն էլ չգիտեն։ Խորհրդային Միության փլուզումից հետո հանքահորի մուտքը պայթեցվել է։

2002-ի օգոստոսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է՝ Հայաստանը լինելու է տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը։ Նա նկատի ունի, որ մենք ունենալու ենք տարածաշրջանի լավագույն ճանապարհները, ջրամատակարարումը լինելու է շուրջօրյա։

2004-ի այս օրը ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը որոշում է ընդունում, ըստ որի՝ բոյկոտելու է նաեւ խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ «Չի վերացվել նաեւ այն պատճառը, որի համար մենք լքեցինք Ազգային ժողովը. այն է` կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, փոփոխություններ կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում եւ անցկացնել վստահության հանրաքվե»,-ասում է խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։

2008-ի այս օրերին Հայաստանում բենզինի ճգնաժամ է։ Վարորդները խուճապի մեջ են: Բենզին ունենալու միակ տարբերակը մնացել է կտրոնով լիցքավորումը, իսկ կտրոններ ձեռք բերելը ոչ բոլորին է հասու: Կապի եւ տրանսպորտի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղեկացնում է, որ այսօր Վրաստանից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 57 վագոն բեռ, որից 10 վագոնը բենզին է։