«Որոշեցի Արցախի ծաղիկներից հավաքեմ և ներկայացնեմ աշխարհին զարդերի տեսքով»
Աջակցիր «Ա1+»-ինՎարդիկ Սարգսյանը մասնագիտությամբ կենսաբան է, Արցախի գիտական կենտրոնում էր աշխատում։ Այժմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արդինատուրայում է սովորում։ Երեք տարուց ավելի է, ինչ սեփական փոքրիկ բիզնես է հիմնել՝ ազնիվ մետաղների հետ է աշխատում։ Թեման Արցախն ու արցախյանն է։ Պատվիրատուների ցանկությամբ նաև ոսկյա զարդեր է պատրաստում՝ յուրահատուկ և տարբերվող։
«Իմ բրենդի անվանումը «Վարդենի Արցախ» է, այն հիմնադրվել է 44-օրյա պատերազմից հետո։ 2020-ի նոյեմբերին Արցախ վերադառնելուց հետո մտածեցի, որ պետք է այնպիսի բան մտածեմ, որ աշխարհն իմանա, որ արցախցին Արցախում ապրում է, արարում է հենց Արցախում, դրանով իսկ պայմանավորված որոշեցի այնպիսի բրենդ ստեղծել, որը ցույց կտար արցախյանն ու Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Դրախտավայր Արցախի ծաղիկներից հավաքեմ և ներկայացնեմ զարդերի տեսքով աշխարհին»։
Սկզբնական շրջանում Վարդենին որպես եկամտի աղբյուր չէր դիտարկվում։
«Արցախի պատմամշակութային կոթողները, պետական խորհրդանիշներն ու այնտեղից բերված ծաղիկները յուրօրինակ մատուցմամբ աշխարհասփյուռ հայությանն (և ոչ միայն) եմ ներկայացնում և բոլորին ասում, որ Արցախը կա, Արցախը հայկական է։ Ասեմ, որ օտարազգի բազմաթիվ պատվիրատուներ ունեմ, որոնցից մի քանիսն արդեն հարազատ մարդիկ են դարձել ինձ»։
Ընտանիքի անդամները շատ-շատ են օգնում կազմակերպչական մի շարք աշխատանքներում։
«Արցախում ընտանիքս օգնում էր, մանավանդ, ծաղիկներ հավաքելու հարցում։ Արցախից շատ քիչ բան եմ բերել, ամեն մի առարկա թողել եմ իրենց տեղում՝ հույսով, որ մի օր կգնամ և կրկին ամեն ինչ իրենց տեղում կգտնեմ։ Հայրենիքից բերված ապրանքների շարքում ինձ համար առանձնահատուկ տեղ ունեն Աստղաշենի քարերը։ Հավաքած ու չորացրած ծաղիկների չնչին մասն եմ բերել։ Նույնիսկ չգիտեմ ինչու եմ այդքան քիչ բերել, կրկին հույս էի պահում, որ շուտով հետ ենք վերադառնալու։ Հայաստանյան շուկայում ներգրավվելն, իհարկե, իր դժվարություններն ունի, սակայն եթե հստակ նպատակ ունես և գիտես քո բիզնեսն ինչ ուղղությամբ պիտի առաջ տանես, ժամանակ ու էներգիա ես տրամադրում այդ ամենի համար՝ միանշանակ հաջողությունների հասնում ես։ Առաջին իսկ պահից աջակցող և կարեկցող մարդկանց շնորհիվ Վարդենին կանգնեց ամուր հողի վրա և շատ բարի մարդիկ եղան, որ գնահատեցին արցախյանն ու մինչ օրս կանգնած են կողքիս ու արժանիորեն գնահատում են իմ աշխատանքը»,- ասում է զրուցակիցս։
Արմավիրի մարզի գյուղերից մեկում է ապաստանել Վարդիկ Սարգսյանը։
«Քանի որ ամեն օր աշխատանքի բերումով գալիս եմ Երևան, այն բավականին հեշտացնում է իմ աշխատանքը՝ պատվերների առաքման և կազմակերպչական այլ հարցում։ Դժվարություններ, որպես այդպիսին չունեմ։ Իհարկե աշխատանքի ընթացքում առաջանում են որոշակի խոչընդոտներ, սակայն դրանք հաղթահարում և առաջ եմ շարժվում։ Ինչ վերաբերում է առաջիկա պլաններիս ու մտահղացումներին, ասեմ, որ դրանք թղթին չեն մնում։ Իմ ցանկացած մտահղացում գործի է վերածվում՝ շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի, որի հետ աշխատում եմ»։
Երիտասարդ արվեստագետը գծագրում է հերթական մոդելը՝ ըստ պատվիրատուի պահանջի, հաճախ նաև սեփական մտահղացմամբ և այն հանձնում 3D մոդելավորողին, այնուհետև առանձին դետալներ միացնելուց հետո՝ անցնում էպոքսիդային խեժով կատարվող գործերին, եթե անհրաժեշտություն կա (ծաղիկների հետ աշխատանք)։ Արտադրանքի վերջնարդյունքն ինքն է տալիս։
«Ստանում եմ արծաթյա կամ ոսկյա՝ ըստ պատվիրատուի ցանկության ընտրված մետաղից ստացված կաղապարները և ձևավորում արտադրանքի վերջնարդյունքը»։
Առջևում մեծ նպատակներ է դրել Վարդիկը ու սահմանել մոտ ապագայի նշաձողը։ «Հոկտեմբեր ամսում նպատակ եմ դրել անհատական ցուցահանդես-վաճառք կազմակերպել, որտեղ ներկայացված կլինեն Արցախի պատմամշակութայի կոթողներով պատրաստված զարդեր՝ յուրատիպ համադությամբ և ձևավորմամբ։ Այժմ անհրաժեշտ աշխատանքներ եմ իրականացնում ցուցահանդեսին ինքնատիպ արտադրանքով ներկայանալու համար։ Ծախսերն ինքս եմ հոգում, դրա համար էլ արդեն սկսել եմ անհրաժեշտ իրերի պատրաստման աշխատանքները»,- նշում է երիտասարդ ձեռներեցը։
Միայն ազգայինով ու արցախյանով չի սահմանափակվում։ Մշակութային բազմաթիվ միոցառումների է մասնակցում «Վարդենի Արցախ»-ը։
«Մասնակցում եմ ցանկացած միջոցառման, որը կարող է նույնիսկ փոքր-ինչ ճանաչում բերել Արցախին և արցախյան արտադրանքին։ Յուրաքանչյուր միջոցառումից վերադառնում եմ հոգեպես հարստացած ու մի նոր բան յուրացրած ու սովորած»։
Խոսելով ձեռքբերումների մասին՝ Վարդիկ Սարգսյանը դրանց շարքում առանձնացում է հավատարիմ գործընկերների առկայությունն ու մշտական հաճախորդների ու պատվիրատուների հավատարմությունը։
«Առհասարակ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են «Վարդենի Արցախ»-ին ու շարունակում համագործակցել մեզ հետ»։
Անահիտ Պետրոսյան