Կոչ ՄԱԿ-ին՝ պահանջել Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին, կամ վերանայել COP 29-ը այնտեղ անցկացնելու որոշումը. ակցիա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խորը մտահոգություն ենք հայտնում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP 29) Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ»,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ահազանգեցին «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության անդամները:
«Այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի արժեքների ու նպատակների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցերում: Ադրբեջանի բանտերում շարունակում են անօրինական պահվել հայ գերիներ, իսկ սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու մարդու իրավունքներին:
Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը, ինչը բացառում է հայ գերիների գործերի արդար քննությունն ու նրանց ազատ արձակումը: Ադրբեջանն իրականացրել է Արցախի բնակչության բռնի տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն ցեղասպանության կոնվենցիայի: Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի պահանջները Արցախի հարցի վերաբերյալ, սա ցույց է տալիս Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը միջազգային կազմակերպությունների եւ միջազգային իրավունքի նկատմամբ: Մտավախություն կա, որ COP 29-ից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես կարող են խոչընդոտել հայ գերիների ազատ արձակումը:
Հաշվի առնելով՝ սա կոչ ենք անում ՄԱԿ-ին պահանջել Ադրբեջանից ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին, հակառակ դեպքում վերանայել COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը»,- ասաց կուսակցության ներկայացուցիչը:
Ցուցարարները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին փոխանցեցին իրենց մտահոգություններն արտահայտող նամակ: