Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնության տրամադրումը Վրաստանին
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Ձայն
Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ «Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին»
Վաշինգտոնը վերանայել է Թբիլիսիի հետ իր հարաբերությունները և դադարեցնում է օգնություն տրամադրել Վրաստանի կառավարությանը՝ վերջինիս հակաժողովրդավարական քայլերի պատճառով: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Իր կողմից տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մայիսի 23-ին Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո ես հայտարարեցի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին։ Այդ վերանայման արդյունքում Միացյալ Նահանգները դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակիորեն շահավետ է Վրաստանի կառավարությանը:
Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։ Չնայած այդ գործողությունների պատճառով մենք դադարեցնում ենք մեր օգնությունը Վրաստանի կառավարությանը, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցությունն այն ծրագրերին և գործողություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի ժողովրդին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, անկախ լրատվամիջոցները և տնտեսական զարգացումը:
Մեր երկու երկրների և մեր քաղաքացիների միջև 32 տարվա բարեկամության և գործընկերության ընթացքում Միացյալ Նահանգների ժողովուրդը տրամադրել է ավելի քան 6,2 միլիարդ դոլարի օգնություն՝ նպաստելով Վրաստանի տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը: Մեր աջակցությունն օգնել է վերազինել և վերապատրաստել Վրաստանի պաշտպանության ուժերը և առափնյա պահպանությունը, կառուցել դպրոցներ և հիվանդանոցներ, ինչպես նաև պատրաստել ուսուցիչներ, քաղաքացիական ծառայողներ և բժշկական մասնագետներ: Մենք հավատարիմ ենք մնալու վրաց ժողովրդին և նրա եվրատլանտյան ձգտումներին»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը: