Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ջեյմս Օ՛Բրայեն
A A
Քաղաքականություն

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են, թե որտեղով պետք է անցնեն սահմանային գծերը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ և պայմանավորվել են, թե որտեղով պետք է անցնեն սահմանային գծերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում կայացած լսումների ընթացքում։ 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և ռազմավարական տարածքների օկուպացիայի մասին հարցին՝ Օ՛Բրայենը, մասնավորապես, նշել է․ 

«Երկու կողմերն էլ համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանային գծերը։ Եվ ճիշտ եք, որ կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են, բայց հավանական է, որ նրանք կնահանջեն սահմանների համաձայնեցման արդյունքում, և այս առումով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները: Բայց կրկին շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը»։ 

Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ, որի մաս է կազմում նաև հենց սահմանների դեմարկացիան։