Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Ալիև․ «Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր»

Ազատություն ռ/կ

«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», - այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարն այսօր նաև նշել է, թե հատկապես որտեղ կարող են ապրել այդ ադրբեջանցիները։

«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են», - պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված են, որ այդ օրը կգա»։

«Հայաստանը պետք է համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը և փոխի Սահմանադրությունը». Իլհամ Ալիև

«Հայաստանը պետք է [խաղաղության մասին] իր հայտարարությունները ամրագրի գործողություններով», - այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այս փուլում Բաքուն Երևանից երկու քայլ է ակնկալում. - «Առաջինը՝ համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն»։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք դա անում ենք, ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», - հայտարարում էր Ալիևը։