Իմ ցանկությունն ու նպատակն է, որպեսզի մեր հերոսներն այս այգում վերածնվեն․ փոխգնդապետ Սամվել Հովսեփյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի Տարոնիկ գյուղում «Հերոսների այգի» է հիմնվել։ Այգում՝ 0.5 հեկտար տարածության վրա 200 պտղատու ծառ է հողին պահ տրված, որից 50-ն՝ անվանական։ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերի որդեկորույս ծնողներն իրենց զավակների հիշատակին մրգատու ծառեր են տնկել այստեղ՝ ցանկանալով այդպիսով նաև հավերժացնել իրենց զավակների հիշատակը։ 2020 թվականի հունվարի 14-ին Սամվել և Անահիտ ամուսինները հպարտությամբ են բանակ ճանապարհել իրենց կրտսեր որդուն։ Համոզված էին` Առնոլդը պատվով է կատարելու իր առջև դրված պարտականությունները։ Չէին սխալվում։ Ծառայության 9 ամսյա ժամանակահատվածում բազմաթիվ շնորհակալագրեր են ստացել ծնողները, հպարտացել։ 44-օրյա պատերազմում նախահարձակ թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Առնոլդ Հովսեփյանն ընկել է անհավասար մարտում։ Ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
«Հայրենիքի վտանգի պահին նա առանց երկմտալու մարտնչել է մինչև վերջ՝ մարտական 5 ընկերների հետ անմահացել, սակայն մարտական դիրքը չեն լքել։ Միայն 2021-ի նոյեմբերի 9-ին կարողացանք ԴՆԹ նույնականացման միջոցով գտնել որդուս և հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում։ Առնոլդիս հիշատակը հավերժացնելու համար միտք հղացավ ծիրանի ծառեր տնկել, քանի որ ծիրանի հայրենիքը Բիթլիսն է, ես էլ արմատներով՝ բիթլիսցի։ Պապս պատմում էր, որ իրենց մոտ գյուղում ծնված ամեն մի նոր երեխայի պատվին ծիրանի ծառ տնկելու սովորություն կար։ Իմ ցանկությունն է, որպեսզի մեր հերոսներն այս այգում վերածնվեն»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ՀՀ ՊԲ փոխգնդապետ Սամվել Հովսեփյանը։
Ծառայությունից ազատ ժամերին փոխգնդապետ Հովսեփյանին հաճախ կարելի է տեսնել այգում։ Ծառերի խնամքն անձամբ է իրականացնում։ Տարոնիկցիները հիմնականում Արևմտյան Հայաստանից փոխստականներ են, ովքեր իրենց հետ նաև իրենց ավանդույթներն են բերել ու մինչ օրս էլ պահպանում են։ Իրական սերը հայրենիքի նկատմամբ սերնդեսերունդ է փոխանցվում՝ համոզված է փոխգնդապետ Հովսեփյանը։
«Պապս անկողնային հիվանդ էր արդեն, երբ հարցրեցի, թե սիրտը ինչ է ուզում, ի՞նչ բերեմ, ի՞նչ կցանկանա ուտել, ասաց՝ «Այ բալա, մեր Բիթլիսի ջուրը խմեմ, հողից հոտ քաշեմ, նոր հանգիստ մեռնեմ, ուրիշ բան չեմ ուզում»։
Նման շրջապատում մեծացած երիտասարդը ո՞նց կարող է հայրենիք չսիրի։ Տղաս այդպիսի շրջապատում է մեծացել, օր չկար, որ ես մեր պապերից, մեր նախնիներից չխոսեմ։
Պատահական չի, որ մեր երիտասարդությունն այդքան սիրում է իր հողն ու ջուրը։ Միշտ մի բան եմ իմացել, որ արու զավակը ծնվում՝ աշխարհ է գալիս, պետք է պատրաստ լինի առավելապես տղամարդ լինի՝ հանուն ապագայի, վաղվա սերնդի և հանուն վաղվա կյանքի։ Իմ ամենամեծ ցավն է, բայց այն որոշակի առումով մեղմվում է այն պարագայում, երբ մտածում եմ, որ մեր տղան իր կյանքը զոհել է հանուն հայրենիքի, այդպիսին պետք է լինի իսկական տղամարդը», - ասում է հերոսի հայրը։ Ասել է թե՝ հայրենասիրությունը գիրք կարդալով կամ պատմությունը սերտելով չի, այլ կենդանի օրինակով։ Ինքն էլ մանկուց է երազել զինվորական դառնալ, ուսադիր կրել, ծառայել հայրենիքին, դառնալ այնպիսի մարդ, ով մասնագիտական գործունեությամբ կնպաստի հասարակության կայացմանը, ժողովրդի ու հայրենիքի անվտանգությանը։
«Երազանքներս իրականացրել եմ և 30 տարի շարունակ ծառայում եմ Հայրենիքիս։ Խորհրդային բանակից զորացրվելուց հետո ավարտել եմ բարձրագույնը և ծառայության անցել ազգային անվտանգությունում, ապա պաշտպանության նախարարությունում։ Երբևիցե չեմ փոշմանել իմ ընտրած մասնագիտության մեջ, քանի որ ծառայությունը հայրենիքին կոչում է, և յուրաքանչյուր ոք, ով ուսադիր է կրում պետք է հպարտորեն իրականացնի իր ծառայությունը։ Ու քանի փամփուշտներում դեռ վառոդ կա՝ շարունակելու եմ ծառայությունս, քանզի այն հիմա ավելի պարտավորեցնող է՝ որդուս կիսատ թողած գործը շարունակելու, երազանքներն իրականություն դարձնելու համար։
Հայրենիքն ազատ ու անվտանգ տեսնելու տենչը, որ ունեցել է որդիս ու նրա նման հազարավոր երիտասարդներ՝ պետք է շարունակեմ։ Մեծագույն ցանկությունս է տեսնել այն օրը, երբ հայրենիքը կլինի կրկին միացյալ, ազատ, անվտանգ և այդ օրը փափագում եմ ձեռքերս կարկառեմ վերև և ասեմ՝ Որդի՛ս, իրականացել է քո երազանքը»։ Հենց այդպես՝ ձեռքերը երկնքին հառած է իր սերն առ հայրենիք խոստացել Առնոլդ Հովսեփյանը, երբ հերթական դաս-արշավի ժամանակ հրապուրված հայրենի բնությամբ՝ հիացմունքով ասել է․ «Այս ամբողջը իմն է Հայրենի՛ք ես քեզ պաշտում եմ»՝ հիշում են հարազատները։ «Առնոլդն իր պահվածքով օրինակ էր ծառայում բոլորի մոտ։ Անչափ շատ էր սիրում մորը։ Մինչ ծառայության գնալն անընդհատ մարզվում էր, ասում էր՝ կոփվեմ գնամ մայրիկիս ու հայրենիքս պաշտպանեմ»,- ասում է ընտանիքի հարազատներից տիկին Արմինեն։ Մայրն ամենայն մանրամասնությամբ է հիշում այն ամենն, ինչ կապված է Առնոլդի հետ։ Շատ էր սիրում լուսանկարվել ու անվերջ շտապում էր՝ ասում է։ Մայր ու որդի հաճախ էին անկեղծ և մտերմիկ զրույցի բռնվում։
«Հիմնականում նա էր խոսում։ Ի տարբերություն հասակակիցների Առնոլդը բավականին տարբերվող մտածելակերպ ուներ։ Դրա համար էլ մասնագիտության ընտրության հարցում երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել։ Ընդունվեց մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի բաժինը։ Ասաց՝ գնամ բանակ գամ, հասկանամ այս կյանքից ինչ եմ ուզում, նոր մագիստրատուրան ուրիշ բաժին կսովորեմ։ Մի անգամ էլ մտահոգված ասաց՝ մամ, պապիկն ու հայրիկը Արմավիրի մարզի անվանի մարդկանց հանրագիտարանում ընդգրկված են, ի՞նչ պիտի անեմ, որ ես էլ այդ գրքում տեղ ունենամ»,- ասում է մայրը։
30 ամյա մանկավարժական ուղի անցած ուսուցչուհու հոգու ցավը հանգիստ է գտնում հերոսների այգու անվանական ծառերը խնամելիս, որդու անունը կրող փողոցում քայլելիս․․․ Հերոսի անունն է կրում միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը։ Նրա կարճ, սակայն իմաստալից կյանքին նվիրված՝ «Անանուն բարձունքի արծիվը» վերնագրով գիրք են հրատարակել հարազատները, որտեղ զետեղված են հարազատների, մտերիմների, ընկերների հուշերը Առնոլդի մասին։ Փողոցի վրա փոխգնդապետ Հովսեփյանն անձնական միջոցներով մատուռ - սրբատեղի է կառուցում։
«12 սյուներից է բաղկացած մատուռը, որոնք խորհրդանշում են Հիսուսի 12 առաքյալներին։ Վերևից դիտելիս այն խաչի տեսք է ունենալու։ Զորաց մատուռ է կոչվել, քանի որ կանգնեցվում է ի հիշատակ զորեղների։ Նորակոչիկներն այստեղ զորություն և օրհնություն են ստանալու՝ անփորձանք ծառայելու և իրենց ծնողներին վերադառնալու համար։ Նորապսակներ կօրհնվեն, երեխաներ կկնքվեն՝ մի խոսքով սրբավայր է դառնալու, որտեղ բոլորը ձգտելու են գալ, օրհնություն և զորություն ստանալ»,- ասում է զրուցակիցս։ Առնոլդ Հովսեփյանի անվան փողոցում, այգում ու հարակից տարածքում ամեն ինչ կոկիկ է, բարձարճաշակ ու մտածված, ավելորդ ոչինչ չկա։ «Այդպիսն էր Առնոլդս, ու ամեն մի նոր բան անելիս աշխատում ենք այնպես անել, որ Նրա սրտով լինի»,- ասում են հերոսի ծնողները։
Անահիտ Պետրոսյան