Օրացույց․ 2-ը հուլիսի․ Գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1995 թվականին գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր։ Գործարանն արտադրում էր ինքնակառավարվող համակարգեր, թվային հեռախոսասարքեր։ Նկատենք, որ գործարկումից ճիշտ 7 տարի անց «Մարսը», մի քանի այլ ձեռնարկության հետ, «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով փոխանցվեց Ռուսաստանին։
1999-ին հնգամսյա կալանքից ազատ արձակվեցին ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։
1999-ի հուլիսի 2-ին հեռահաղորդակցության նախարարությունը բացեց նամականիշերի առաջին խանութը Հայաստանում։ Ներկայացված էին ավելի քան 160 տեսակի նամականիշ, որոնցում պատկերված էին Հայաստանի տեսարժան վայրերը, հայ ազգային եւ արվեստի գործիչներ։
2001-ի այս օրը փաստվեց, որ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին չի ներկայացնում պահանջվող փաստաթղթեր։
2001-ի հուլիսի 2-4-ը Ստեփանակերտում կայացավ չճանաչված պետությունների արտգործնախարարների հանդիպում։
2008-ի այս օրը մի քանի տասնյակ երիտասարդներ վիրավորական արտահայտություններ արեցին Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանք իրականացնող ՀԱԿ կողմնակիցների եւ շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Սկսվեց քաշքշուկ, որին, ըստ Տեր-Պետրոսյանի գրասենյակի հայտարարության, չէին միջամտում ականատես ոստիկանները։
2009-ի հուլիսի 2-ի արտահերթ հանրահավաքում համաներմամբ ազատ արձակված քաղկալանավորները հայտարարեցին, որ բանտային պայմաններն իրենց չեն ընկճել։
2010-ի այս օրը կայացավ ՀԱԿ երիտթեւի երթը կոնգրեսի գրասենյակից դեպի դատախազություն։ Պահանջվում էր ազատ արձակել երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին։ Նույն օրը Դավիթն անակնկալ կերպով ազատ արձակվեց։
2012-ի հուլիսի 2-ին Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, շնորհավորելով դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, հրահանգեց աշխատել այնպես, որ քաղաքացին հավատա ու վստահի դատախազությանը։ Դատախազության աշխատակիցներին շնորհավորելու եկած վարչապետ Տիգրան Սարգսյանն, ի դեպ, նշեց, որ անհրաժեշտ է, որ քաղաքացին չվախենա դատախազությունից։