Բացել լրահոսը Փակել լրահոսը
893
A A
Հասարակություն

Աշխատանքն ու զբաղվածությունն է բոլորիս մտահոգող խնդիրը. Բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

-Արցախի Հադրութի շրջանը 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով բառնազավթվել էր թշնամու կողմից։ Շրջանի 13719 բնակիչ մահվան սպառնալիքի տակ բռնագաղթել և բնակություն էր հաստատել Արցախի, Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում,- Ա1+-ի հետ զրույցում նշում է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

Հադրութի շրջակայքում հայտնաբերված տասնյակ հուշարձաններ՝ թվագրված հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններով փաստում են, որ այստեղ մարդիկ բնակվում էին դեռևս Քրիստոսից առաջ 2-1-ին հազարամյակներից սկսած։

-Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս է ենթարկվել արաբների, պարսիկների, օսմանյան թուրքերի ավերածություններին, բայց այն երբեք այլ ազգերի տիրապետության տակ չէր մնացել։ 19-րդ դարի կեսերին Հադրութը՝ Շուշիից հետո երկրորդ արհեստագործական և արդյունաբերական կենտոնն էր համարվում։ Արհեստների թիվն այստեղ հասնում էր 25-ի,- ասում է Արթուր Բաղդասարյանը։

Շրջանը 1877 քառակուսի կիլոմետր տարածք ուներ, պատմաճարտաապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ։ Ամենահայտնի վայրը՝ Դիզափայտի Սպիտակ տաճար ուխտատեղին է։ - Բնակիչներից շատերը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լքել էին Արցախի տարածքը, և երբ հայտն է դարձել պատերազմի ողբերգական ելքը՝ ոչ բոլորն են վերադարձել Արցախ։ Հայաստանում բացված աջակցության կենտրոններում մարդկանց օգնում էին, ինչով կարողանում էին։ Հայաստանի Հանրապետության և Արցախի կառավարությունների կողմից հատկացված աջակցությունների շնորհիվ մարդիկ կարողացել են որոշակիորեն լուծել կեցության և օրվա ապրուստի խնդիրները։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը 5201 հադրութցի բնակվում էր Արցախում, 5879-ը՝ Հայաստանում, 936 հոգի՝ այլ երկրներում։

-Արցախի կառավարությունն անում էր հնարավոր ամեն բան՝ բռնազավթված տարածքներից տեղահանված արցախցիների ծանր սոցիալական վիճակը մեղմելու համար։ Տուն, տեղ, աշխատանք կորցրած բնակիչները պատվով հաղթահարում էին ամեն դժվարություն։ Սակայն 2023-ի մեկօրյա պատերազմը հօդս ցնդեցրեց բոլորիս՝ Հադրութ հետ վերադարձի հույսը,- ասում է զրուցակիցս։

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ 368 պետական նշանակության շենք-շինություն է մնացել, 4191 բնակելի տուն և առանձնատուն, 1 ՀԷԿ, 43 հատ արտեզյան ջրհոր, 123 ջրերի կուտակման վայր, 217 առևտրի և սպասարկման օբյեկտ, 21 հատ արտադրական շենք, 1172 իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոց, 1656 հատ գյուղտեխնիկա և սարքավորումներ, 364 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։

-Հանկարծահաս պատերազմի հետևանքով շրջանում 148 զոհ է գրանցվել, որից՝ 30 խաղաղ բնակիչներ, 13 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է մնում, որից 8-ը քաղաքացիական անձինք են։ Շրջանի բնակիչները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ 105904 հետկար գյուղատնտեսական նշանակության հող է ունեցել շրջանը։ Ունեինք 2159 անասնապահությամբ զբաղվող քաղաքացիներ։ 13316 գլուխ խոշոր եղջերավոր, 17840 գլուխ մանր եղջերավոր անասուն, 17840 գլուխ խոզ, 7781 մեղվափեթակ է մնացել այնտեղ։ Այս ամենի ուղղությամբ ժամանակին կազմվել են համապատասխան ակտեր և իրավական փաստաթղթեր, սակայն փոխհատուցումներ ոչ բոլորն են հասցրել ստանալ։ Արցախը վերջնական հայաթափումից հետո բազմաթիվ արցախցիներ կանգնել են կյանքը վերսկսելու խնդրի առաջ։ Այժմ, երբ առաջնային խնդիրները լավ թե վատ լուծվել են՝ ժամանակն է ոտքի կանգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, աշխատել՝ վստահելով սեփական ուժերին և կայունանալ։

-Ունենք բնակիչներ, ովքեր Հայաստանում ևս շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ, և բավականին հաջողության են հասել։ Ցավալի է արձանագրել, բայց կապը բնակիչների հետ աստիճանաբար թուլանում է, քանի որ այդ հարցում ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից չկա որևէ աջակցություն կամ միջնորդություն։ Համայնքների ղեկավարներն անհրաժշտության դեպքում կարողանում են կապ հաստատալ այս կամ այն բնակչի հետ, սակայն դա բավարար չէ, մենք որևէ լիազորություն կամ միջոցներ չունենք մեր բնակիչներին որևէ հարցում աջակցելու համար։ Այսօր յուրաքանչյուր արցախցի՝ անկախ Արցախում զբաղեցրած պաշտոնից՝ զբաղված է օրահացի խնդրով։ Խնդիրները շատ են, մանավանդ բնակարանայինը։ Ունենք այնպիսի բնակիչներ, ովքեր չեն կարողացել սահմանված ժամկետներում օգտագործել բնակարանով ապահովվելու համար ստացած սերտֆակատները,- մտահոգություն է հայտնում բռնազավթված շրջանի ղեկավարը։

ՀՀ-ում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների 58 ընտանիք ապահովվել է բնակարանով։ 241 ընտանիք բնակարան ձեռքբերելու վկայագիր է ստացել։ Այն բնակիչները, ովքեր բնակարանով չեն ապահովվել՝ շարունակում են օգտվել պետական աջակցության ծրագրերից՝ ասում է զրուցակիցս։

-Արտագաղթը կանխելու միակ տարբերակը ոչ թե բնակարան, այլև կայուն եկամտի աղբյուր ունենալն է։ Աշխատանքն ու զբաղվածությունն է բոլորիս մտահոգող խնդիրը։ Աշխատանքի անցնելու համար տարիքային սահմանափակումը ևս իր բացասական ազդեցությունն է ունենում։ Դրա համար էլ բազմաթիվ ընտանիքներ ավելի նպատակահարմար են համարում զբաղվել ընտանեկան բիզնեսով, եթե լինեին արտոնյալ պայմաններ։

Անահիտ Պետրոսյան