Բացել լրահոսը Փակել լրահոսը
038A3402
A A
Մշակույթ

«Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ». նոր նամականիշ

Մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմայով:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Երվանդ Քոչարի 125-ամյակի հոբելյանական տարվա առիթով: Նրա խոսքով՝ շարունակական արդյունավետ աշխատանքներ են իրականացվել, որպեսզի տարին լինի հագեցած, և մեծանուն արվեստագետի 125-ամյակը նշվի հավուր պատշաճի:

«Շատ ուրախ եմ, որ ի թիվս այս տարվա մի շարք հոբելյանների՝ նաև Երվանդ Քոչարի հոբելյանական նամականիշն ենք մարում: Նամականիշի խորհուրդը աշխարհի բոլոր ծայրերում ուղերձներ հասցնելն է, և այսպիսով մենք ուզում ենք, որ աշխարհի բոլոր անկյուններում իմանան մեր մեծանուն հայրենակցի մասին և ճանաչեն նրա արվեստն ու գործը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը (1899-1979 թթ.)՝ իր քանդակներից մեկի խորապատկերին:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» (1959 թ.), «Սասունցի Դավիթ» (1959 թ.) և «Գլխաքանդակ» (1933 թ.) քանդակները, ինչպես նաև «Հայ նկարիչ, քանդակագործ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը» (1962 թ.), «Ինքնադիմանկար» (1936 թ.) նկարները, ինչպես նաև «125-ամյակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Նամականիշի մարման արարողությանը հաջորդել է մամուլի ասուլիս՝ նվիրված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրին: Ներկայացվել են հոբելյանական տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ