A
A
Խրամորթի ճակատագիրն էր պայքարել. Խրամորթցի դպրոցի տնօրեն
Աջակցիր «Ա1+»-ինՄինչ արցախյան ազատամարտը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն ուներ 750 բնակիչ՝ 210 ընտանիքով։ Ազատամարտից հետո գյուղաբնակների թիվը դարձավ 340։ 1993 թվականի հունիսի 26-ին՝ մեկ ու կես տարվա պաշարումից հետո գյուղն ազատագրվեց թշնամիներից։ Խրամորթի տարածքում տասից ավելի պետական պահպանության ներքո գրանցված հուշարձաններ կային, որոնցից մի քանիսը 2-1 հազարամակին են պատկանում։
«Խրամորթը, գտնվելով Ղարաբաղյան դաշտավայրից դեպի լեռնաստանի խորքերը տանող հանգուցային կետում, 7-րդ դարից սկսած, արաբների, սելջուկ-թուրքերի, մոնղոլ-թաթարների, թուրքմենական ցեղախմբերի, պարսիկների, իսկ 20-րդ դարի վերջերին էլ՝ ադրբեջանցիների կողմից մշտապես հարձակումների էր ենթարկվում։ Բնակչությունը՝ որպես ապահով վայր, պաշտպանվում էր Քարագլուխ գյուղի Շիկաքար անառիկ ամրոցում։ Խրամորթում և նրա շրջակայքում դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին 1805 թվականի ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ։ Հարյուր տարի անց՝ 1905-1906 թվականներին հայ-թաթարական բախումների ժամանակ Խրամորթը կրկին հայտնվել էր ռազմական բախումների կիզակետում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը։
Եվս 100 տարի անց Արցախյան հողում երկարատև ռազմական գործողություններից հետո զինադադար հաստատվեց և Խրամորթը կրկին մոխիրներից վերածնվեց։ Գյուղի հազարամյա հայկականությունը փաստող վայրերից էլ 44-օրյա պատերազմից հետո թշնամին աստիճանաբար սկսեց օղակել Խրամորթը։ «2022 թվականի մարտի 24-ից՝ Փառուխի դեպքերից հետո, գյուղը գտնվում էր երեք կողմից շրջափակման մեջ, բայց դա չէր խանգարում գյուղի բնակիչներն զբաղվել իրենց առօրյա գործերով։ Շրջափակման օրերին նույնիսկ, դպրոցին կից գործող նախապատրաստական խմբի աշխատանքները չդադարեցին, սնունդ կարողանում էինք հայթայթել, իսկ այլ բնակավայրերում ապրող ուսուցիչները հաճախ նաև ոտքով էին դպրոց հասնում՝ անտեսելով բոլոր տեսակի դժվարություններն ու վտանգները»։ Շրջափակման պայմաններում գյուղում վերջին զանգի արարողություն, գյուղի ազատագրման օր նշվեց։ Խրամորթցի դպրոցականները հանդիսավորությամբ նշեցին գիտելիքի օրը։ «Մինչև սեպտեմբերյան մեկօրյա պատերազմ խրամորթցիները մի քանի անգամ ստիպված էին լքել գյուղը։ Սակայն երբ դրությունը հանդարտվում էր՝ կրկին վերադառնում էինք ու անցնում մեր առօրյա հոգսերին։ Այլ էր սեպտեմբերի 19-ին, երբ մենք վերջնականապես, առանց հայրենի օջախ կրկին վերադառնալու հույսի, մի ձեռք շորով լքեցինք գյուղը, հետևում թողնելով մի ամբողջ կյանք ու պատմություն»։
Արցախյան առաջին ազատամարտից հետո բազմաթիվ խրամորթիցներ հաստատվել են Ռուսաստանի Դաշնությունում։ Այժմ խրամորթցիները սփռված են ամբողջ Հայաստանում։ Եղել են նաև այլ երկրներ արտագաղթողներ։ Սակայն դպրոցի տնօրենը՝ եթե ոչ Արցախում, ապա մայր Հայաստանում է տեսնում իր ընտանիքի ապագան։
«Բոլորս էլ խնդիրներ ունենք, և փորձում ենք հաղթահարել դրանք յուրովի»,-ասում է նա և հույս հայտնում, որ չի ուշանա այն օրը, որ կբռնեն հետդարձի ճանապարհը։
Միայն Հայրենիքի կորուստ չի, որ ցավացնում է Գաբրիելյան և Առաքելյան ամուսինների սրտերը։
Արցախում շուրջ 30 տարվա վաստակ են թողել։ Բայց նյութական չէ էականը։ «Մատաղ կյանքերն են ափսոս, որոնք նվիրվաբերվել են հայրենիքի փրկությանը։ Գյուղում հուշարձան է կառուցվել արցախյան ազատամարտում զոհված 32 խրամորթցիների հիշատակին։ Ցավոք գյուղը զոհեր ունեցավ նաև հետագա բոլոր պատերազմների ժամանակ։ Կյանքի բոլոր դժվարություններն անտեսելով ապրում էինք մեր հողում։ Գյուղում մեծ ու համարավետ առանձնատուն ունեինք, քաղաքում՝ բնակարան, որ ավագ որդուս համար էին ձեռք բերել, սական նա մի օր անգամ այդ բնակարանում չմնաց։ Գյուղից դուրս տղաներս ոչ մի տեղ չէին ցանկանում բնակվել։ Զբաղվում էինք մեղվապահությամբ, անասնապահությամբ, գյուղտեխնիկա ունեինք՝ գյուղատնտեսական բոլոր ագրեգատներով։ Ապրում էինք լիարժեք կյանքով, թեկուզ շատ էինք չարչարվում, բայց գիտեինք ինչի համար ենք անում։ Հիմա ապրում ենք օրվա օրով։ Կարծես թե հեռանկար էլ չունենք, ոչ էլ պլաններ ենք կազմում։
Հիմա միայն տխրության օրերին ենք կարողանում համագյուղացիներով կամ հարազատներով իրար տեսնել»,- ասում է զրուցակիցս։ Գյուղի դպրոցականներն ըստ բնակության վայր են դպրոց ընդունվել։ Դժվարությունները մանկապարտեզ հաճախող երեխաների համար էր։ Ոչ բոլորն են կարողացել երեխաներին պետական մանկապարտեզում տեղավորել։
Ուսուցիչներից շատ քչերն են ըստ մասնագիտության աշխատում։ «Մեր մեծ ընտանիքով՝ 9 հոգի հաստատվել ենք Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում։ Վարձակալությամբ ենք ապրում։ 2024 թվականի հունվարից աշխատանքի եմ անցել Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ընտանիքիս մյուս անդամներն առայժմ չեն աշխատում»։ Տնամերձ հողամասն են տան ավագները մշակում։ Բանջարաբոստանային կուլտուրաներ են ցանել։ Ամուսինը սեփական միջոցներով ոչխար է գնել, նպատակ ունեն ոչխարաբուծությամբ զբաղվել։ Իսկ ընտանիքի բարեկամները հող են հատկացել անվարձահատույց, կարտոֆիլի ցանքս են կատարել։ «Արցախցին որտեղ էլ լինի, աշխատելու է, ստեղծելու է՝ ընտանիքն ապահով պահելու համար ոչ մի աշխատանքից չի խուսափելու։ Ուղղակի կորստյան ցավն ու ափսոսանքը միշտ զգացնել են տալու՝ ամեն քայլափոխի»,- ասում է Անուշ Գաբրիելյանը։
Անահիտ Պետրոսյան