Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 27-ը նոյեմբերի․ Վլադիմիր Գասպարյանը պատրաստ է սատանայի հետ դաշինքի (տեսանյութ)

1996-ի այս օրերին Հայաստանի դատախազության դիմաց հացադուլ է սկսում սեպտեմբերի 26-ի անկարգությունների գործով կալանավորված Վազգեն Մանուկյանի վստահված անձ Արգիշտի Կիվիրյանի քույրը։ Նրա հետ ձերբակալվել են եւս մի քանի հոգի եւ հացադուլավորները պահանջում են կարճել նրանց գործը։

1997-ի նոյեմբերի 27-ին Երկրապահ կամավորականների միությունն սկսում է իր համագումարը։ Նրանց ուղերձով ողջունում է նախագահ Տեր-Պետրոսյանը։ Այստեղ են եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Միության նախագահ Վազգեն Սարգսյանն ասում է՝ Երկրապահը մնում է հասարակական կազմակերպություն։

1997-ի այս օրը հազարավոր երեւանցիներ վերջին հրաժեշտն են տալիս օրերս մահացած անվանի բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանին։ Սգո արարողությանը մասնակցում են նախագահը, վարչապետը եւ կառավարության անդամներ։

1998-ի նոյեմբերի 27-ին խորհրդարանը քննարկում է հաջորդ տարվա բյուջեն։ Ֆինանսների նախարարն ասում է, որ եկամուտները կապահովենք 100 տոկոսով եւ այս բյուջեն զարգացման բյուջե է։

1998-ի այս օրը ռազմական ոստիկանության վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը Սատանայի հետ դաշինքից է խոսում բանակում խաղաղ պայմաններում զոհվածների թիվը նվազեցնելու նպատակով։ Մարդն, օրինակ, սպիտակ է ներկել ռազմական ոստիկանության պատերը իր կառույցի վատ համբավի դեմն առնելու համար։ Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարները պետք է լուծեն Ռուսաստանին ունեցած մեր պարտքերի վերադարձման հարցը։ Ադամովը հայ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնում է Եվրամիության պահանջին՝ դադարեցնել հայկական ատոմակայանի շահագործումը։

1999-ի այս օրերին Ամերիկյան Կոնգրեսի հատուկ ուղերձին է արժանացել Արամ Ղարաբեկյանի գլխավորած կամերային նվագախումբը։ Խումբը նոր է վերադարձել Ամերիկայից, ապրել է լավագույն հյուրանոցներում եւ ստացել ամենաբարձր հոնորարները։

2000-ի նոյեմբերի 27-ից Արաբկիրի բնակիչները կխմեն Արզաքանի ջուրը։ Այդ իրադարձությունն այստեղ է բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նույն օրը Աջափնյակում թաղապետի ընտրությունների քարոզարշավ է։ Թեկնածու ունի նաեւ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն։ Դեկտեմբերի 3-ը ընտրություններում նրան պաշտպանում է նույնիսկ Աջափնյակի ՀՀԿ կառույցը։

2000-ի այս օրերին Արկադի Վարդանյանի հովանավորությունից զրկված «Նովոյե Վրեմյա» թերթը կշարունակի լույս տեսնել : Թերթը նոր հովանավոր է գտել։

2001-ի այս օրերին 7-րդ ամիսն է լրանում, ինչ աշխատավարձ չեն ստացել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցները: Աշխատակիցների մոտ հարց է ծագել՝ փողերը, որոնք նրանք հավաքում են բնակչությունից, ու՞ր են գնում: «Դրանք այնքան էլ մեծ գումար չեն»,-ասում է ձեռնարկության ղեկավարը։

Մինչ 2001-ի նոյեմբերի 27-ին ցուցմունքով հանդես կգա հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Կարեն Հունանյանը, Դեմիրճյանների ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը միջնորդում է դահլիճից դուրս հրավիրել Նաիրի Հունանյանին : Դատարանը մերժում է միջնորդությունը: Իր ցուցմունքում Կարենն ասում է, որ ամբաստանյալներից ոչ մեկը չի սպանել Արմենակ Արմենակյանին: Նա ընդունում է, որ ինքն է կրակել եւ սպանել Վազգեն Սարգսյանին, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում։

2009-ի այս օրը ՀԺԿ գրասենյակում բացվում է հոկտեմբերի 27-ին զոհված Կարեն Դեմիրճյանի թանգարանը: Միջոցառմանը ներկա առաջին նախագահը պարզաբանում է, թե ինչու ղարաբաղյան շարժման օրերին Կրեմլը պաշտոնանկ արեց Կարեն Դեմիրճյանին։