Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_17187213186030648-1
A A
Հասարակություն

Մեր մանկությունն ու կյանքի լավագույն տարիներն Արցախում են մնացել․ Սյուզաննան ու Արամը հաստատվել են Նոր Հաճնում (լուսանկարներ)

Ընտանեկան լուսանկարներ, երեխաների համար տաք հագուստ ու անվերջանալի հիշողություններ։ Ահա այն ամենն, ինչ հասցրել են Բադալյանները վերցնել իրենց հետ բռնագաղթից առաջ։

«Բռնագաղթած մարդու երազանքը ո՞րն է։ Իհարկե, վերադարձ հայրենիք։ Այն հայրենիք, որտեղ քո անցյալն է, որտեղ ծաղկում էր քո ներկան, որ պիտի նաև ապագա դառնար։ Իմ և ամուսնուս հայրերը կռվել են Արցախի ազատության ու անկախության համար»,- Ա1+-ի հետ զրուցում ասում է արցախցի, մասնագիտությամբ իրավաբան Սյուզաննա Բադալյանը։

Նա Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից էր հարս եկել Ասկերան։ 

«2013 թվականին ենք ամուսնացել։ Ունենք երեք որդի՝ Աշոտը, Անդրեյը և Ակսելը։ Ամուսնուս՝ Արամի հետ միասին աշխատում էինք Արցախի Հանրապետության գյուղնախարարությունում, նա՝ որպես բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ, ես՝ որպես գլխավոր իրավաբան»։

Աշխատանքին զուգահեռ՝ Արամը պտղատու այգի էր հիմնել, օրվա ազատ ժամերին այգում էր անցկացնում։ 

«4 տարի մշակել ենք այգին, երբ արդեն լիարժեք բերք պիտի տար, այգին էլ հայտնվեց 2020 թվականի ռազմական գործությունների հետևանքով թշնամու տիրապետության տակ անցած տարածքում։ Սակայն ամուսինս հանձնվողներից չէր։ Նա հայրենի Խնապատ գյուղի մերձակայքում հիմնադրեց 2 հեկտար խաղողի այգի»։

Նույն տարածքում Արամ Բադալյանը սկսեց զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ, իսկ տնամերձում՝ ջերմոցային տնտեսությամբ, ինչը մեծապես օգնեց ընտանիքին ու հարազատներին շրջափակման օրերին։ 

«Շնորհիվ ամուսնուս աշխատասիրության ու համառության՝ կարողացանք դիմակայել բլոկադայի չափազանց խիստ ու դաժան պայմաններին։ Կարողանում էինք նաև մերձավորներին ապահովել բանջարեղենով ու մրգով, երբ խանութներում ոչինչ չկար»։ 

Որդիները Ստեփանակերտում լողի և ֆուտբոլի պարապմունքների էին գնում, որոնք ընդհատվեցին շրջափակման պատճառով առաջացած վառելիքի բացակայության պատճառով։

«Թվում էր շրջափակումն էր ամենամեծ փորձությունը, չգիտեինք, որ փորձությունները դեռ առջևում են», - ասում է Սյուզաննան։

2023-ի սեպտեմբերի 19-ին աշխատանքի չէին գնացել, վառելիք չկար։ Արկի առաջին պայթյունների հետ ամուսինն Ասկերանի մատույցներ հասավ, իսկ ընտանիքի անդամները տարհանվեցին Ստեփանակերտի օդանավակայանի տարածք։

«Ասացին՝ այնտեղ ապահով է։ Սակայն մեկ օր մնացին  այնտեղ։ Քանի որ մեզ հետ էր նաև Արամի մորական տատիկը՝ ծանր առողջական վիճակով։ Երբ արդեն պայմանական զինադադար էր, Արամը միացավ մեզ, և մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Մեկօրյա պատերազմի հետևանքով հարազատ եղբայրս  Ճարտարի մատույցներում գլխուղեղի հատվածում բազմաբեկորային վնասված էր ստացել և գտնվում էր հիվանդանոցում։ Ես ու ամուսինս օրվա մեծ մասն այնտեղ էինք անցկացնում՝ կոմայի մեջ գտնվող եղբորս կողքին։ Սեպտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջազգային կողմիտեսի նախաձեռնությամբ եղբորս Էրեբունի բժշկական հիվանդանոց տեղափոխեցին»,- պատմում է Սյուզաննան։

Մանկահասակ երեխաներին, ծանր առողջական վիճակում գտնվող 82-ամյա տատիկին Հայաստան հասցնելու համար վառելիք չկար։ 

«Քաղաքում ասացին, որ Հայկազովի տեղամասում բենզինի պահեստից բենզին են տալիս մարդկանց։ Արամն էլ շտապեց այնտեղ։ Եվ որոշ ժամանակ անց լսեցինք այդ ահասարսուռ պայթյունի մասին»։   

Արամը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, իսկ հաջորդ օրը՝ ուղղաթիռով Երևան։ Այդ օրերին ընտանիքի ու երեխաների պատասխանատվությունն ամբողջովին Սյուզաննայի ուսերին էր։ 

«Սկեսուրս ինձ օգնում էր ցանկացած հարցում։ Ես մտքերով մեկ ամուսնուս, մեկ եղբորս հետ էի։ Դժվար էր կենտրոնանալ։ Սեպտեմբերի 28-ին՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ բռնեցինք գաղթի ճանապարհը։ Ստեփանակերտից՝ Գորիս, որ առավելագույնը 2-3 ժամվա ճանապարհ էր, մենք անցանք գրեթե 48 ժամում։ Թվում էր, թե մի ամբողջ հավերժություն ենք անցնում»։

Գորիսում ընտանիքին դիմավորեցին ամուսնու ընկերոջ հարազատները։ 

«Գորիսում գիշերն անցկացնելուց հետո տեղափոխվեցինք Երևան, իսկ հոկտեմբերի 1-ից հաստատվեցինք Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Շուտով ամուսինս էլ դուրս գրվեց հիվանդանոցից և միացավ մեզ։ Իսկ եղբայրս դեռևս երկարատև վերականգնողական փուլ պիտի անցնի»։ 

Արդեն ինն ամիս է ինչ Բադալյաններն ապրում են Նոր Հաճնում։ Որդիները գյուղի համար 4 հիմնական դպրոցի սաներ են, տան կրտսեր որդուն մասնավոր մանկապարտեզում են տեղավորել, պետականներում տեղ չկար։ Սյուզաննան այժմ աշխատել չի կարողանում՝ զբաղված է երեխաների դաստիարակությամբ։

Տան միակ կերակրողն ու աշխատողն Արամն է։ Աշխատում է Սարդարապատում՝ որպես գլխավոր գյուղատնտես։ Ընկերությունը բավականին հեռավորության վրա է գտնվում Նոր Հաճնից։ Օրական երկու ժամ ճանապարհ է անցնում՝ աշխատանքի վայր հասնելու համար։

«Մեր մտածմունքների մեջ նյութականը տեղ չունի։ Այն, ինչ թողել ենք Արցախում, մեր հայրերի գերեզմաններն են, մեր սրբավայրերը, մեր պատմական հայրենիքը։ Մեր մանկությունն ու մեր կյանքի լավագույն տարիներն Արցախում են մնացել։ Մեզ հետ միայն հիշողություններն են՝ լուսավոր անցյալի, որոնք երբեք չեն մոռացվելու»,- ասում է Սյուզաննան։

Անահիտ Պետրոսյան