WWF - Հայաստանի աջակցությամբ Փամբակում կստեղծվի 7938 հա համայնքային բնապահպանական տարածք
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ հունիսի 17-ին, տեղի ունեցավ Փամբակ համայնքի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի և «Քոշաքար» համայնքային սոցիալ-բնապահպանական հասարակական կազմակերպության միջև երկարաժամկետ համաձայնագրի կնքման արարողությունը, որով սկիզբ դրվեց «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 3 բնակավայրերում` Եղեգնուտում, Դեբեդում և Մարգահովիտում:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի համայնքային բնապահպանական գոտի որը կկազմի շուրջ 7,938 հա (1,776 հա հիմնական և 6,162 հա կայուն կառավարման գոտիներ): Շուրջ 263,840 եվրո կտրամադրվի WWF-ի կողմից ոչ միայն բնապահպանական նպատակների, այլև շահառու բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար (արդեն սկսվել են արոտների ենթակառուցվածքը բարելավելու աշխատանքները և տեղադրվել են արևային կայաններ բոլոր շահառու բնակավայրերում):
Միջոցառմանը ելույթ ունեցան ԷՄՀ տեխնիկական խորհրդատու Յերնի Սթրիթին, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ԷՄՀ ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանը և WWF Հայաստանի ԱՏՀ մասնագետ Արման Կանդարյանը, ովքեր ներկայացրեցին ծրագրի երկրորդ փուլի ընթացքը, խոսեցին գրանցված հաջողությունների և նախածված քայլերի մասին։ Վերջինիս հաջորդեց ԼԻԼԱ ծրագրի ՌԶԳ համակարգող Ալլա Ղազարյանի ելույթը ծրագրով կատարված աշխատանքների ընթացքի մասին։
ԷՄՀ ազգային համակարգող Արմեն Շահբազյանը հայտնեց. «Մեզ համար ոգևորիչ է, որ Փամբակ համայնքը ցանկություն հայտնեց միանալ այս ծրագրին. առանց համայնքի ակտիվ մասնակցության բնապահպանությունը պարզապես կձախողվի»։
Միջոցառման հյուրերի թվում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), KfW բանկի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDA), «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի ներկայացուցիչները ի դեմս այլ հյուրերի։
«Այսօրվա համաձայնագիրը արտացոլում է մեր հանձնառությունը՝ լավագույնս համատեղելու բնապահպանությունը տեղական սոցիալ-տնտեսական աճի հետ», - նշեց WWF-Հայաստանի հասարակության հետ կապերի, համագործակցության և ֆոնդահայթայթման ղեկավար Ժակ Նիազյանը։
«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով:
ԷՄՀ II փուլի ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության /SDC/ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» /LILA/ ծրագրի կողմից՝ նպաստելով տեղական բնակչության կենսապայմանների ապահովմանը՝ նույն թիրախային բնակավայրերում էկոտուրիզմի, վայրի հավաքի և անասնապահության զարգացման միջոցով: Ծրագիրը նաև կնպաստի կառավարման տարբեր մակարդակներում գյուղատնտեսական և կենսաբազմազանության վերաբերյալ համապատասխան քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ համայնքների և էկոհամակարգերի դիմացկունության ամրապնդմանը: /LILA/ ծրագրի բյուջեն կազմում է 4,500,000 շվեյցարական ֆրանկ: