Բացել լրահոսը Փակել լրահոսը
01000000-0aff-0242-da86-08dc8e35a031_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

Իրանը ու Ռուսաստանը խոսել են Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման համար համագործակցելու մասին

Ազատություն ռ/կ

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով Թեհրանին և Մոսկվային համագործակցել կովկասյան տարածաշրջանում իրենց շահերին համապատասխան: Mehr գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը Թեհրանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևի հետ հանդիպմանը։

Բաղերի Կանին կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային անվտանգության և շահերի ոլորտ և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

«Կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների կարևորությունն ու զգայունությունը, հատկապես արտաքին ուժերի միջամտության աճի միտումը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև», - ասել է Բաղերի Կանին՝ հավելելով, որ պետք է առավելագույնի հասցնել տարածաշրջանային «3+3» ձևաչափի գործունեությունը։

Ռուսաստանի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։