Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում իրենց ներդրած ջանքերի համար:
«Վստահ եմ, որ դեսպանի գլխավորությամբ իրականացվող Ձեր աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների զարգացման միտումը կշարունակվի և, իհարկե, արդյունքում՝ մենք միասին կկարողանանք մեր ժողովուրդների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը: Նախագահն ի դեմս դեսպանի՝ Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին հղել է իր լավագույն բարեմաղթանքները, ցանկանալով նրանց հաջողություններ և հետագա բարգավաճում: