Բացել լրահոսը Փակել լրահոսը
05cbeff3-456e-468e-8ea5-12ffec198074
A A
Մարզեր Հասարակություն

«Տարիների մեր ունեցվածքը մնացել է թշնամու վերահսկողության տակ»․ ինչպես է արցախցի ընտանիքը փորձում հաստատվել Այգեզարդում

Ավետարանոց, Հովսեփավան, ապա՝ Այգեզարդ… 32 ամյա Թաթուլ Դանիելյանի ընտանիքի գաղթի ճանապարհն է՝ սկիզբ առած 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։

Ինչպես արցախյան ընտանիքներից շատերը, Դանիելյանների ընտանիքը նույնպես զբաղվում էր անասնապահությամբ և հողագործությամբ։ Բավականին մեծ տնտեսություն ունեին՝ 90 գլուխ խոշոր և 200 գլուխ մանր եղջրավոր անասուն, 40 խոզ և 250 թռչուն։

«44-օրյա պատերազմի օրերին որպես կամավորական մասնակցել եմ Արցախի պաշտանության համար մղվող մարտերին։ Ռազմական գործողությունների հետևանքով ծննդավայր Ավետարանոցն ու տարիների մեր ունեցվածքը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Ոչինչ չենք հասցրել գյուղից հանենք»,- Ա1+-ի հետ զրույցում պատմում է Թ. Դանիելյանը։

Պատերազմից հետո շատերի պես Դանիելյաններն էլ որոշեցին մնալ Արցախում։
 

Հիմա դժվարանում են խոսել, պատմել Արցախի, Արցախում կորցրած երկրորդ հարազատ ու կապող գյուղ դարձած Հովսեփավան գյուղի մասին։ Այստեղ ևս նրանք պարապ չեն նստել։

Չնայած կարճ ժամանակ են բնակվել Հովսեփավանում, սակայն հասցրել են կրկին անասուններ և թռչուններ ձեռք բերել, զբաղվել հողագործությամբ, մսավաճառությամբ։

Միաժամանակ աշխատանքի է անցել ջրային տնտեսությունում՝ որպես հսկիչ։

«Այժմ բնակվում ենք Արարատի մարզի Այգեզարդ գյուղում։ Երկու դուստր ունեմ, շուտով լույս աշխարհ կգա երրորդ բալիկս։ Ապրում ենք վարձով, թոշակառու մորս հետ։ Մեր մեջ ուժ ենք գտել կրկին հողի մշակությամբ և թռչնաբուծությամբ զբաղվելու համար։ Ընտանիքս միշտ էլ սիրով ու պատրաստակամությամբ է մասնակից եղել իմ բոլոր ձեռնարկումներին», - ասում է Թաթուլը։

Համայնքում լավ են ընդունել, ընդառաջել ցանկացած հարցում։ Ավագ դուստրը դպրոց է հաճախում, կրտսերը՝ մանկապարտեզ։ Օգտվում են պետական աջակցության ծրագրերից։

Տան հարակից տարածքում անասնագոմ է կառուցել, ձեռք բերել 180 թռչուն, 6 խոզ և ճագարներ։ Ու այս ամենը՝ սեփական միջոցներով… Հույսը չի կորցնում, անում է հնարավորը Այգեզարդում հիմնովին հաստատվելու համար։

- Սկզբնական շրջանում 80 հավի ճուտ եմ ձեռք բերել՝ հատը երեք հազար դրամ։ Մի գիշերվա մեջ կրծողները խեղդել-սպանել են ճտերին։ Անասնագոմը ծակուծուկեր ուներ, կարգին ամրացնելուց հետո կրկնապատկել եմ թռչունների քանակը։ Մորս համար զբաղմունք է՝ զբաղվում է, օգնում։ Ես էլ դրսի աշխատանքներ եմ անում, այգին ու բանջարանոցը մշակում։ 1300 մետր տարածք կա։ Բանջարեղեն եմ ցանել, դե իսկ այգու մրգերն արդեն հասունացել են, երեխաներն ուտում են։

Սիրած գործում հմտանալու և այն ընդլայնելու համար Թաթուլ Դանիելյանը մասնակցում է բիզնես դասընթացների։ Մեծ հույսեր է կապում դասընթացների հետ, ուզում է անասնապահությամբ էլ զբաղվել։

-Հաջողելու դեպքում ընտանիքս կունենա մշտական աճող եկամուտ և աշխատանք։ Դրա համար ջանում եմ անել ինձնից կախված ամեն բան, որպեսզի ընտանիքս ոչնչի կարիք չզգա,- հույս է հայտնում է Թաթուլը։

Անահիտ Պետրոսյան