Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ըմբիշներին սպասվում է հագեցած ամառ (տեսանյութ)

Սպորտ
bb04d1f22cebf10d1901f5fa920330db


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին բավական հագեցած ամառ է սպասվում:

Վաղը մեր թիմը մեկնելու է Թբիլիսի, որտեղ տեղի կունենա «Մեծ մրցանակի» հերթական մրցաշարը: Հայաստանից այդ մրցումներին կմասնակցեն 9 ըմբիշ` Արմեն Չոմարյան, Հովհաննես Հարությունյան (55 կգ քաշային կարգ), Ալեքսան Միքայելյան, Արամ Խաչատրյան (60 կգ), Խոսրով Մելիքյան (66 կգ), Մաքսիմ Մանուկյան (74 կգ), Տիգրան Սահակյան, Հրաչ Հովհաննիսյան (84 կգ), Սարգիս Տոնոյան (96 կգ):

Հունիսի 16-19-ը մեր հավաքականը կմասնակցի Մարիուպոլում ամեն տարի անցկացվող միջազգային մրցաշարին: Մեր թիմն այդ մրցումներում հանդես կգա հետեւյալ կազմով. Վահան Ջուհարյան, Արթուր Մկրտչյան (60 կգ քաշային կարգ), Սասուն Ղամբարյան, Արսեն Ջուլֆալակյան, Հովհաննես Վարդերեսյան, Արամ Ադիկյան (66 կգ), Վարշամ Բորանյան (74 կգ), Յուրի Պատրիկեեւ (120 կգ):

Հուլիսի 8-10-ը Մադրիդում կայանալիք «Մեծ մրցանակի» հերթական մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյան եւ Յուրի Պատրիկեեւը:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, այս մրցաշարերով մեր ըմբիշները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Մեր համար այս տարվա ամենագլխավոր մրցաշարը աշխարհի առաջնությունն է, քանի որ դրա ժամանակ խաղարկելու են 2012 թվականի օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը: Յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի 5-ական ուղեգիր»:

Լեւոն Ջուլֆալակյանը կարծում է, որ եթե Ստամբուլում մեր հավաքականին հաջողվի նվաճել 3-4 ուղեգիր, ապա դա արդեն իսկ լավ ցուցանիշ կլինի: