Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չենք կարող հույս ունենալ, որ պարզապես կհեռանան. ընդամենը 4 օր` առանց դադարի պետք է լինենք փողոցում (տեսանյութ)

Վաղվանից սկսած ընդամենը 4 օր առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի լինելու ենք փողոցում` մեր կամքը պարտադրելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը` խոսելով առաջիկա անելիքների մասին։

«Մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս քաղաքական լուծումները, որ արծարծվել են հրապարակի վրա բացառված չեն ու քննարկելի են»,–ասաց նա։

Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին ժամը 16։30–-ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։

«Երկրորդ` հունիսի 10–ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ անցկացնելու մասին։ ՔՊ–ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ու համոզմունքով։ Մենք մեր ներկայությամբ չենք թողնելու, որ հերթական սխալը գործեն»,–իր ելույթում ասաց շարժման առաջնորդը։

Սրբազանը հայտարարեց, որ 3–րդ քայլը այն է, որ համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին ու նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։