Բացել լրահոսը Փակել լրահոսը
891
A A
Հասարակություն

Շահրամանյան ամուսինները Հայաստանում հաստատվելուց հետո կրկին սկսել են զբաղվել մեղվաբուծությամբ

Արցախում թողնելով 20 տարվա ստեղծածը՝ Շահրամանյանների ընտանիքը մասնատված է անցել գաղթի ճանապարհը։ «Շատ դժվար ու դաժան ճանապարհ ենք անցել։ Ամուսինս ՈՒԱԶ մեքենայով է կամուրջն անցել։ Մյուս մեքենան տղաս էր վարում։ Ճանապարհին մեքենան փչացել է և մենք ստիպված այլ մեքենայով ենք անցել կամուրջը։ Մեր ծանոթներն արդեն մաս-մաս, ով ինչ կարողացել է բերել՝ մեզ են հասցրել։ Մեքենան այդպես էլ մնացել է կամրջից այն կողմ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է թշնամու տիրապետության տակ մնացած Ասկերան քաղաքի բնակիչ Մերի Շահրամանյանը։

Տեղ գյուղում ընտանիքը կրկին միավորվել է։ Երեք օր Երևանում բարեկամի տան մնալուց հետո համեմատաբար էժան բնակարան Դիլիջանում են կարողացել գտնել։ «Աղջիկս Արցախի Մեսրոպ Մաշտոց պետհավատարամագրված համալսարանի իրավագիտության բաժնի 1-ին կուրսի ուսանող էր՝ ուստի որոշել էինք բնակարան վարձել Երևանում, որպեսզի աղջիկս կարողանա ուսումը շարունակել, սակայն բնակվարձով պայմանավորված հասել ենք Դիլիջան։

Դեկտեմբերին Փոքր Վեդիում տուն ենք վարձակալել և վերադարձել, սակայն պարզվել է, որ մենք էլ չենք կարող օգտվել անվճար ուսումնառության հնարավորությունից, իսկ ուսման վարձը տարեկան 750 հազար դրամ է»,- պատմում է Մերի Շահրամանյանը։

2020 թվականի պատերազմի նախօրերին Շահրամանյանները հիփոթեքային վարկ էին վերցրել և սկսել հինգ սենյականոց բնակարանի հիմնանորոգման աշխատանքները։ Պատերազմի ցավալի ելքից հետո նրանք շարունակեցին վերանորոգման աշխատանքները, սակայն այդպես էլ լիասիրտ չկարողացան վայելել։ «Աղջիկս դպրոցն ավարտեց շրջափակման պայմաններում, երբ ամեն ինչի պակաս կար։ Մենք չէինք ընկճվում և շարունակում էինք աշխատել։ Ամուսինս մեղուների խնամքի հետ միասին նաև բանջարանոցն ու այգին էր մշակում։ Ստեղծած բերք ու բարիքից նաև հարազատներին ու հարևաններին էինք բաժին հանում»,- պատմում է Մերին։ Արցախում Մերին վարսահարդարման դասընթացներ էր անցել, մասնագիտացել սիրած արհեստի մեջ։ Ասկերանում գեղեկցության սրահ էր վարձակալել, արդեն բավականին հաճախորդներ ուներ։ «Տարածք էինք գնել և պատրաստվում էինք սեփական սրահը կառուցել։ Շրջափակման պայմաններում էլ չէի դադարեցնում աշխատանքս, չնայած մազերի խնամքի պարագաների պակաս կար, հաճախորդների գրանցումներն էլ հարմարեցնում էի հովհարային անջատումներին։ Հաստատվելով Փոքր Վեդիում հմտությունների զարգացման նոր դասընթացների եմ մասնակցել և Արտաշատի գեղեցկության սրահներից մեկում արդեն աշխատում եմ։ Ունեմ մշտական հաճախորդներ ու գոհ եմ իմ աշխատանքից»։ Ամուսինը՝ Վահրամ Շահրամանյանն այս ժամանակամիջոցում նույնպես ձեռնունայն չի նստել։ Հմուտ ու բանիմաց մեղվաբույծի անուն վաստակած արցախցին այստեղ ևս որոշել է շարունակել զբաղվել մեղվաբուծությամբ։ Արցախում մոտ 80 փեթակ է թողել։ Տարվա այս ժամանակահատվածում նա արդեն մայիսյան մեղրը քամած է լինում։

Ընտանիքի հոգսերը հոգում էին մեղրի վաճառքից առաջացած գումարով։ «Մի շարք կազմակերպությունների դիմելուց հետո որոշել եմ ինքնուրույն գործը գլուխ բերել։ Սեփական միջոցներով հինգ մեղվափեթակ եմ ձեռք բերել։ Դրանք տեղակայված են վարձակալած առանձնատան տնամերձում։ Այստեղ նաև ջերմոցներ կան, որոնք նույնպես մշակում ենք։ Փետրվար ամսից արդեն թարմ կարտոֆիլ ու լոբի եմ ստանում։ Առայժմ մեր կարիքների համար ենք մշակում, հետագայում նաև վաճառքի կհանենք։ Այգում բավականին պտղատու ծառեր կան, որոնք նունպես մշակում եմ»։ Դժվարը երեխաների հարցն է, չեն հարմարվում։ Ցավալի է ամեն անգամ լսել նրանց՝ Արցախի, ծննդավայր Ասկերանի հետ կապված հիշողությունները։ Նրանց խոսակցության թեման միայն հետվերադարձն է՝ մտահոգված է ընտանիքի մայրը։ «Կրտսեր դուստրս ոչ մի դպրոցում չհարմարվեց։ Փոքր Վեդիի դպրոցում նրա հետ հոգեբան էր նույնիսկ աշխատում։ Սակայն ցանկալի արդյունք չկա։

Իրականությունը չեն ընդունում, այստեղ ապրում են, մի օր հետդարձի ճանապարհը բռնելու սպասումով։ Այս ամենը մեծ ցավ է պատճառում մեզ»,- ասում է Մերին։ Որդին՝ Էռնեստը, որ արցախյան առաջին ազատամարտում զոհված հոր անունով է կնքել Մերին, չնայած աշխատանքի է անցել «Վեդի ալկո» ընկերությունում, սակայն անհաբերությամբ սպասում է զորակոչի իր հերթին։ «Փախստականի կարգավիճակը դեռևս թույլ չի տալիս ծառայության անցնելու, սակայն նա միշտ ասում է, որ դա իր պարտքն է ու չի խուսափելու այն կատարելուց։ Առայժմ ապրում, արարում ենք մայր հայրենիքում և աղոթում, որ մեր երեխաները դարձյալ պատերազմ ու գաղթ չտեսնեն»,- ասում է զրուցակիցս։

Անահիտ Պետրոսյան