Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հատուկ առաքելությամբ ծաղրածուները․ «Ծաղրածուի խաղընկերը հիվանդությունը չէ, այլ մարդն ու նրա էմոցիաները» (տեսանյութ)

Երբ Ամստերդամից Թբիլիսի թռչող ինքնաթիռ բարձրացան գույնզգույն հագուստներով մարդիկ,  ուղեւորները չկարողացան անտարբեր մնալ։ Նրանք բոլորի ուշադրությունն էին գրավել դեռ օդանավակայանում, երբ սկսեցին երգել։

«Բարեւ, ես  Ջեկ Կրոսն եմ կամ ծաղրածու  Յակոն»,- ասում է  61 –ամյա տղամարդը,  որը արական սեռի միակ ծաղրածուն է  Վրաստան ուղեւորվող 13  ծաղրածուներից։

«Ես  սիրում եմ ճամփորդել այս կանանց հետ»,- կատակում է նա, որը մասնագիտությամբ տարրական դպրոցի ուսուցիչ է։ Որպես ծաղրածու էլ է աշխատում երեխաների հետ, բայց տարբեր են մեթոդները․ հիմա ավելի շատ խաղում է նրանց հետ․ «Ես շատ երջանիկ եմ,  փոքրիկ երեխաների հետ շփվելն ու խաղալը գեղեցիկ ակնթարթներ են»։

 Յակոն եւ մյուսները կրկեսում չեն աշխատում։  Նրանք հիվանդանոցային ծաղրածուներ են, որոնք որոշակի կրթությունից ու պատրաստությունից հետո  այցելում են առողջապահական հաստատություններ՝  պացիենտների տրամադրությունը բարձրացնելու,  հույս ու դրական էմոցիաներ փոխանցելու նպատակով։  

Պատի  Իքսը  Բելգիայից է։  Նա ֆիզիոթերապեւտ է աշխատանքային օրերին, աշխատանքից հետո ու հանգստյան օրերին՝ ծաղրածու  Ֆրիզոլը։

«Ես կարծում եմ, որ ծաղրածու լինելը   մարդկանց հետ հաղորդակցվելու տարբերակ է՝ առանց օտար լեզվի իմացության,- ասում է նա։- Դու բացում ես քո սիրտը եւ էներգետիկ առումով   հրաշք է տեղի ունենում»։

«Կրկեսում ծաղրածուն բեմական արար է ներկայացնում։ Մենք՝  հիվանդանոցային ծաղրածուներս, ներկայացում ցույց չենք տալիս։ Մենք ուղղակի իմպրովիզացնում ենք այն, ինչ զգում ենք այս պահին»,- պատմում է Պատի Իքսը։

 Արդյո՞ք  հոգեբանորեն դժվար չէ աշխատել տարբեր բարդության, երբեմն մահացու  հիվանդություններ ունեցող պացիենտների հետ։ «Մեզ համար էական չէ, թե ինչ հիվանդություն ունեն նրանք։ Մենք չենք մտածում այդ մասին։ Մեր խաղընկերը մարդն է՝ անկախ տարիքից ու հիվանդությունից․ մենք անում ենք ամեն ինչ, որ նա մեր խաղի  ընկերը դառնա եւ ուրախանա»,- ասում է նա։

 Պատի Իքսը ունի ուրախության իր դեղատոմսը․ «Մնացեք բաց, եղեք հետաքրքրասեր, թույլ տվեք զարմացնել և առատաձեռն եղեք ձեր սիրով»:

«Ծաղրածուն չի տեսնում հիվանդությունը, այլ միայն մարդուն, էմոցիաները ու   աշխատում է այդ էմոցիաների հետ»,-  ասում է Լորենս Քոթելը կամ ծաղրածու Օ-լյա-լյան։  Ի տարբերություն մյուսների, նա պրոֆեսիոնալ ծաղրածու է։ «Ես շատ հետաքրքրասեր եմ, իմ ծաղրածուն ճիշտ այդպիսին է»,-ասում   է  նա։

  Լորենս Քոթելը  ֆրանսուհի է, բայց բնակվում է Նիդերլանդներում։  Ծաղրածուի կերպարով հանդես գալը սկզբում հոբբի է  եղել, հետո ստացել է համապատասխան կրթություն ու հիմա ինքն է ուսուցանում մյուսներին հիվանդանոցային ծաղրածու լինելու նուրբ արվեստը։    

Նրա հետ զրույցն ավարտում ենք, երբ  միկրոավտոբուստը հասնում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։ Բայց ծաղրածուները միանգամից չեն մտնում շենք։  Մոտ 15 րոպե նրանք Քոթելի առաջնորդությամբ հոգեբանական «վարժանք» են անում։

«Մեր   կամավորների  խմբում միայն տարեցները չեն, պարզապես այս ճամփորդությանը երիտասարդներ չեն միացել»,- ասում  է Անե Կոսեն՝ « Out of Area» նիդերլանդական կազմակերպության նախագահը։  Հիվանդանոցային ծաղրածուները Թբիլիսի են եկել նրա ղեկավարած եւ վրացական «Դրոնի» երիտասարդական կազմակերպության համատեղ ջանքերով։ Անե Կոսսեն ու նրա պաշտոնաթող զինվորական ամուսինը «Out of Area» հիմնադրամը ստեղծել են մասնավորապես  Բալկաններում պատերազմից տուժած երեխաներին աջակցելու նպատակով։ Հետագայում առաքելության շրջանակները ընդլայնվել են, ու այսօր այն օգնում է ոչ միայն երեխաներին։  Ի դեպ, կազմակերպության տարբերանշանի  ձեռքերը խորհրդանշում են այն չորս երեխաներին, որոնց առաջինն է օգնել հիմնադրամը։ 

« Չորս ձեռքերը խորհրդանշում են, որ միասին շատ բան կարող ենք անել։ Բայց  դրանք չորս փոքրիկների ձեռքեր են, որոնց օգնել ենք տարիներ առաջ  Բոսնիայում։ Օրինակ՝ մեկը գնչուհի Սաբինայի ձեռքն է։ Նա ընդամենը 3 տարեկան էր, ապրում էր մոր հետ փախստականների ճամբարում սարսափելի պայմաններում։  Ներկայումս նա ապրում է Գերմանիայում, ավարտել է համալսարանը, ամուսնացել»,- պատմում է Անե Կոսեն։Հարցնում ենք՝ արդյո՞ք  նա էլ է  հիվանդանոցային ծաղրածու։ «Ես փորձեցի, բայց դա հաղորդակցության ու մարդկանց օգնելու իմ տարբերակը չէր»,- ժպտում է  նա։