Հայաստանի երիտասարդականը սկսում է ընտրարշավը
Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են Չեռնոգորիայի հավաքականին:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր կանցկացնի իր անդրանիկ հանդիպումը Եվրոպայի 2013 թ երիտասարդական առաջնության ընտրական փուլում:
Մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Չեռնոգորիայի այդ տարիքային հավաքականի հետ: Վերջինս այժմ գլխավորում է ընտրական 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, քանի որ իր անդրանիկ խաղում, հյուրընկալվելիս, 5:0 հաշվով հաղթել է Անդորայի երիտասարդականին:
Խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշեց, որ թիմի գլխավոր խնդիրն է կադրեր պատրաստել ազգային թիմի համար:
Իսկ ահա Չեռնոգորիայի ընտրանու նրա գործընկեր Դուշան Վլայսավլեւիչը հայտարարեց, որ Երեւան են ժամանել հաղթանակ տանելու նպատակով. «Մեր նպատակը խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Մենք հարգանքով ենք մոտենում բոլոր մրցակիցներին, սակայն բոլոր խաղերում էլ ձգտելու ենք միմիայն հաղթանակի»:
Միգուցե չեռնոգորցի մասնագետի խոսքերն են պատճառը, որ բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են հյուրերին։ Չեռնոգորիայի հավաքականի հաղթանակի գործակիցը կազմում է 2.35, իսկ ահա Հայաստանի հաղթանակը գնահատել են 3.30 գործակցով։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2013 թ երիտասարդական առաջնության ընտրական փուլում Չեռնոգորիայի եւ Անդորայի հավաքականներից բացի, Հայաստանի թիմի մրցակիցներն են նաեւ Չեխիայի եւ Ուելսի երիտասարդական ընտրանիները: