«Դժվար է միշտ ժպտալ, երբ միտքդ Արցախում է»
Աջակցիր «Ա1+»-ինԱսկերանցի Սնեժանա Թամրազյանը քաղաքի ակտիվ երիտասարդներից էր․ անհուն կարոտով է հիշում իր տունն ու ծննդավայրը։ Ասում է՝ իր համար կյանքը երկու մասի է բաժանված՝ Արցախում և Արցախից դուրս։
«2020-ին կորոնավիրուսի պատճառով զրկված էինք Վերջին զանգ կազմակերպելու հնարավորությունից։ Թվում էր՝ կորոնավիրուսը մեծ չարիք է։ Չգիտեինք, որ չարիքից մեծ չարիքներ են մեզ սպասվում։ 2020թ. ընդունվեցի Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։ Համալսարանական 1-ին ուստարին անցավ պատերազմի և հետպատերազմյան արհավիրքները հաղթահարելով։ Ապա սահմանային իրադրության լարվածությամբ, պարբերաբար դարձած խախտումների մթնոլորտում։ 3-րդը՝ շրջափակված Արցախում, իսկ 4-րդը՝ առանց Արցախ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Սնեժանան։
Պատերազմից հետո Սնեժանան ու նրա ընկերները ստեղծում են «Փախստականների (երիտասարդների) միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպությունը։
«Հարցնում էին՝ ինչու փախստականների, չէ՞ որ բոլոր անդամները երիտասարդներ են։ Մեզ միավորում էր այն, որ մեր ծնողները 1988-1990թթ.-ի փախստականներ էին։ Այն, ինչ տեսել և ապրել է իմ մայրիկը 21 տարեկանում, նույն տարիքում ես էլ ստիպված եղա անցնել այդ ամենի միջով։ Մեր կազմակերպությունը օգնում էր տեղահանված ընտանիքների փոքրիկներին՝ հաղթահարելու հետպատերազմյան սթրեսն ու վախերը՝ կազմակերպելով հոգեբանական և ժամանցային միջոցառումներ»,- պատմում է նա։
2021թ. նախաձեռնել են «Ցավդ տանիմ, Արցախ» փառատոնը, որի շրջանակներում տարբեր միջոցառումներ և մրցույթներ են կազմակերպել։ Նպատակն Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելն ու բարձրաձայնելն էր, որ Արցախն ապրել, իսկ արցախցին՝ խաղաղություն է ուզում։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակվելուց հետո կազմակերպությունը, համագործակցելով «Ասկերանի զարգացման կենտրոն»-ի հետ, բարեգործական միջոցներով փորձել են տարբեր միջոցառումներ կազմակերպել ՝ Ասկերանի և սահմանամերձ գյուղերի փոքրիկներին ուրախացնելու համար։ 2023-ի մայիսին Ստեժանան ընկերների հետ պետք է մասնակցեր «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» կողմից Երևանում կազմակերպված ամենամյա միջազգային կոնֆերանսին, բայց սահմանափակվեցին միայն օնլայն մասնակցությամբ՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը։ Վառելիքի պաշարների բացակայության պատճառով հանրային տրանսպորտն արդեն չէր աշխատում։
Առջևում նոր ուսումնական տարին էր։
«Ավարտական կուրսի ուսանող էի։ Չնայած իմ դասերը համալսարանում սկսում էին 2-րդ հերթով, ես ամեն առավոտ, ժամը 8-ից դուրս էի գալիս տնից, կանգնում ճանապարհին, որպեսզի կարողանայի Ստեփանակերտ հասնել։ Հուսահատվում էի, երբ չէր ստացվում։ Ապրիլից աշխատում էի Արդարադատության նախարարությունում։ Հուլիսի 25-ից նախարարությունն էլ որոշեց ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։ Որոշեցի պարապ չնստել և գոնե օնլայն մասնակցել օտար լեզուների դասընթացների կամ գրանցվել օնլայն թրեյնինգների, որպեսզի ձեռք բերեմ և զարգացնեմ նոր հմտություններ։ Մենք մեր կյանքը, մեր առօրյան պլանավորում էինք լույսի, ջրի գրաֆիկի հետ»,- ասում է։
«Նրանք, ովքեր ընդհանրապես հողի հետ չէին աշխատում, ունենալով փոքր հողակտոր՝ սկսել էին զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ։ Արցախում զարկ տրվեց տեղական արտադրանքին։ Առանձին անհատներ սկսեցին տան պայմաններում պատրաստել լվացքի փոշիներ, օճառներ , պաղպաղակ։ Կարևոր էր նաև միմյանց օգնելու պատրաստակամության դրսևորումները։ Ընկերներիս հետ մասնակցում էինք կամավորական աշխատանքներին ՝ փորձելով օգտակար լինել մեր հայրենակիցներին»։
«Սեպտեմբերի 27-ին ստիպված էինք դուրս գալ Ասկերանից, թշնամին արդեն Իվանյանում էր։ Մեր տունը Ասկերանի եկեղեցուն մոտ էր գտնվում, վերջին անգամ խփեցինք եկեղեցու զանգերը և ծանր, շատ ծանր զգացումներով ճանապարհ ընկանք։ Սեպտեմբերի 28-ին հասանք Գորիս։ Ամբողջ Գորիսը ոտքի վրա էր ՝ արցախցիներիս օգնելու համար»,- հիշում է երիտասարդ աղջիկը։
Կապանում ապաստանած Սնեժանայի ընտանիքը պատահական չի ընտրել այս բնակավայրը։ «Մարզի բնությունը, մարդիկ, բարբառը ինձ հիշեցնում են Արցախը։ Սկզբնական շրջանում ոչ մի բան անելու ցանկություն չունեի, հետո հիշեցի մարդկանց, իմ բազմաթիվ հայրենակիցների, ովքեր կյանքեր են կորցել։ Միացա Կապանի համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կամավորական աշխատանքներին։ Խորհրդի կամավորները դարձան այն փրկիչ ուժը, որի միջոցով ես կարողացա ինձ վերագտնել»,- ասում է Սնեժանան։
Տեղի դատարանում փորձաշրջան անցնելուց հետո Սնեժանան ակնկալում էր, որ աշխատանքի կընդունվի իր մասնագիտությամբ, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելու պատճառով չընդունեցին։
«Հիասթափված էի և կոտրված, բայց այդ դժվար ժամանակահատվածում արցախցիներիս ձեռք մեկնեց «Աժդանակ» ՍՊ ըներությունը՝ նոր աշխատատեղերով։ Այժմ աշխատում եմ այդ կազմակերպությունում և շրջապատված եմ հրաշալի մարդկանցով։ Շարունակում եմ համակարգել «Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Վերածնունդ» ծրագիրը՝ տեղահանված ընտանիքների երեխաների համար կազմակերպելով հոգեբանական արտթերապիաներ, ժամանցային միջոցառումներ։ Այսպիսով արցախցի երեխաներն ավելի շուտ են հարմարվում նոր պայմաններին և նոր ընկերներ ձեռք բերում։ Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում շարունակում եմ հավաքագրել արցախցիների վկայությունները և «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի միջոցով փաստեր ներկայացնել միջազգային ատյաններ՝ հանուն ճշմարտության և արդարության հաղթանակի»,- ասում է նա։
Սնեժանան ակտիվորեն մասնակցում է Կապանի համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի միջոցառումներին, տարբեր ծրագրերի և դասընթացների։
«Ինչպես ասում են՝ սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցը մշտապես զբաղված լինելն է։ Հենց այդպես էլ փորձում եմ կազմակերպել առօրյաս։ Դժվար է միշտ ժպտալ, երբ միտքդ Արցախում է։ Բայց ես ուզում եմ , որ իմ մեջ տեսնեն պայքարող , ուժեղ արցախցու տեսակին։ Ես դեռ հավատում եմ, որ Արցախը նորից հայկական է լինելու»,- ասում է Սնեժանան։
Անահիտ Պետրոսյան