Բացել լրահոսը Փակել լրահոսը
441970246_761349116145289_3679728791006413504_n_v1.thumb
A A
Պաշտոնական

Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»

Աղստև գետի վարարման և հունից դուրս գալու հետևանքով ևս խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համակարգում: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ 

«Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը:

Քանի որ Դիլիջան քաղաքը ջուր է ստանում լեռնային մակերևույթային գետակներից, իսկ գետերն այս պահին չափազանց պղտորված են, և քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման 3 կայանները կառուցվածքային առումով նախատեսված չեն այսչափ պղտորությունը մաքրման ենթարկելու համար, ապա դադարեցվել է նաև Դիլիջանի ջրամատակարարումը:

 Գետի վարարման հետևանքով վթարվել է «Գմբեթի» ջրաղբյուրի ջրագիծը, ինչի հետևանքով դադարեցվել է այստեղից սնվող Գանձասար գյուղի ջրամատակարարումը:

 Ջրի տակ են մնացել «Լուսաձոր» և «Գետափնյա» պոմպակայանների պոմպերը: Դադարեցված է նաև այստեղից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը:

 Լոռու մարզում գտնվող «Մայմեխ» ջրաղբյուրի պղտորման հետևանքով էլ դադարեցված է Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի ջրամատակարարումը»,- հայտնում են ընկերությունից։