Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարսելոնացիները շատ գումար կվաստակեն

Սպորտ
1abe03c4e447c8f11ac4b54b0ff74638

Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 750 հազարական եվրո պարգեւ կստանան, եթե հաղթեն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:

Իսկ ահա բարսելոնացիների մրցակիցները` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները, հաջողության դեպքում իրար միջեւ կբաժանեն 10 մլն եվրո գումար (միջինը մեկ խաղացողը կստանա 550 հազար եվրո):

Խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն երկրպագուների, այլեւ հենց թիմերի ֆուտբոլիստների մոտ: Մասնավորապես, «Բարսելոնայի» խաղացողներ Կառլես Պույոլը, Խերարդ Պիկեն, Անդրես Ինյեստան եւ Պեդրո Ռոդրիգեսը հատուկ անվանական խաղակոշիկներ են պատվիրել այդ խաղի համար: Իրեն նույնպիսի շռայլություն է թույլ տվել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին:

Նշենք, որ բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում «Բարսելոնային», որի հաղթելու հնարավորությունը հավասար է 2,03 գործակցի` անգլիական թիմի 3,9 գործակցի դիմաց: Բայց ահա Իսպանիայի Մալագա քաղաքի աքվարիումում ապրող Իկեր ութոտնուկի կատարած գուշակությամբ, եզրափակիչն ավարտվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով (ճիշտ է, պայծառատես կենդանին չի նշել հաշիվը):

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 28-ին, Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում:

Ի դեպ երեկ, մայիսի 26-ին, Լոնդոնում կայացել է կանանց չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը: Ֆրանսիայի «Լիոնը» 2:0 հաշվով պարտության է մատնել անցած խաղարկության հաղթող, գերմանական Պոտսդամի «Տուրբինային», եւ առաջին անգամ տիրել պատվավոր մրցանակին: