Բացել լրահոսը Փակել լրահոսը
436203160_7844660162244932_1190467751732504321_n
A A
Պաշտոնական

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը (տեսանյութ)

 «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որն ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն, ապրիլի 8-ին ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը:

 Այս մասին թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում հայտնում է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

«Նստացույց էինք անցկացնում՝ պահանջելով մեզ տալ ստեղծագործելու իրավունք հենց մեր թատրոնի տարածքում: Մենք արձագանք ենք ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նրանք առաջարկել են հանդիպել, քննարկել ու բանակցել հարցի շուրջ: Մենք շարժվում ենք առաջ վստահ քայլերով ու կունենանք դրական արդյունքներ»,-նշում է Արզումայնանն ու հավելում, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է գնալու  թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի, փաստաբան Կարո Ասատրյանի հետ:

Նրա խոսքով՝ իրենք վստահում են  ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը  և առանց նախապայմանների են գնալու հանդիպման, քանի որ չունեն հարցի վերջնական լուծման երաշխիքներ, ժամանակավոր են դադարեցնում նստացույցը:

Հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: