Ինչպես մասնագիտությամբ քիմիկոս արցախցի Կարինեն որոշեց գիպսե արձանիկներ պատրաստել (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԿարինե Հարությունյանը մասնագիտությամբ քիմիկոս է, «Տաթև» գիպսե արձանիկներ ապրանքանիշի հիմնադիրը։ Արցախում Ստեփանակերտի քաղաքապետարանում էր աշխատում, այժմ Երևանի օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող է։
Հենց սիրած մասնագիտության շնորհիվ է երիտասարդ մայրիկը տարիներ առաջ կարողացել բավարարել դստեր՝ Տաթևի հետաքրքրասիրությունները։
«Գիպսե արձանիկներ պատրատելու առաջին փորձը կատարել եմ դեռևս 2011 թվականին։ Աղջիկս անընդհատ նոր ու հետաքրքիր խաղալիքներ էր ուզում, իսկ խանութներում այնքան էլ նորություններ չկային, եղածն էլ շատ թանկ էր։ Ու մտածեցի՝ քիմիկ լինելով՝ կարող եմ ինքս մի բան սարքել։ Աշխատավարձս ստանալուն պես գնեցի անհրաժեշտ պարագաներ՝ սիլիկոնե ֆորմա, բառնի արջուկ և գիպսի հումք։ Ու մի ժամվա ընթացքում մի քանի գիպսի արջուկներն արդեն պատրաստ էին։ Այդպես էլ հիմք դրվեց ինձ համար մի նոր ու անչափ հետաքրքիր արտադրության։ Այն իրականացավ շնորհիվ աղջկաս պահանջկոտության ու բնականաբար, ստացավ նրա անունը՝ Տաթև։ Սկզբնական շրջանում պատրաստում էի մտերիմների, բարեկամների, ծանոթների երեխաների համար»,- պատմում է Կարինեն։
Մինչև 2020 թվականը Կարինեն արդեն բավական հմտացել էր գիպսե արձանիկներ պատրաստելու գործի մեջ, ընտանիքն էլ օգնում էր կազմակերպչական հարցերում։ Արցախում Կարինեին հաճախ ապրանքանիշի անունով Տաթև էին կոչում։
«Պատերազմի օրերին Երևանում էի երեխաների հետ։ Իմ լարվածությունը երեխաներից թաքցնելու և նրանց ուշադրությունը ծանր լուրերից շեղելու համար սկսեցի այստեղ ևս արձանիկներ պատրաստել։ Մոտակա խանութ տիրոջ հետ պայմանավորվեցի, սկսեցի արձանիկներ պատրաստել և տալ վաճառքի։ Ի զարմանս ինձ՝ արձանիկները բավականին լավ էին վաճառվում»,- ասում է նա։
Վերադառնալով Արցախ՝ Կարինեն շարունակում է զբաղվել սիրելի գործով, մասնակցում մի շարք դասընթացների, բիզնես ծրագրերի մրցույթների՝ գումարային մրցանակ ստանում։
Հարյուրից ավելի կաղապարներ ուներ, որոնց մի մասն է միայն կարողացել վերցնել․
«Ցավոք, կարի մեքենաս չեմ կարողացել վերցնել։ Մեր տունը Կրկժանում էր և շատ վտանգավոր էր պատերազմի առաջին օրերից էլ այնտեղ մնալը։ Հույս ունեմ՝ այստեղ կկարողանամ ոտքի կանգնել և կհաջողվի կարի մեքենա ձեռք բերել ու ընդլայնել գործունեությունս։ Պատրաստում ենք նաև հրաշք տուփեր, որոնք ներառում են տարբեր տեսակի արձանիկներ, ջրաներկ, գոգնոց և վրձին»,- ասում է նա՝ նշելով, որ շուկա մտնելու համար անընդհատ նորարարություններ են անհրաժեշտ։
Այժմ նաեւ պատրաստում են դեկորներ, կենցաղում անհրաժեշտ այլ իրեր՝ սկուտեղներ, ծաղկամաններ, զարդատուփեր, տարոսիկներ և իհարկե, Արցախի խորհրդանիշ Պապիկ- Տատիկի արձանիկները։
Անահիտ ՊԵտրոսյան