Բացել լրահոսը Փակել լրահոսը
հաց
A A
Հասարակություն

«Տարածքը վարձակալել ենք, սեփական ուժերով հարդարել»․ Արցախյան ավանդական կերակրատեսակները՝ Արամուսում

Էրիկ Գաբրիելյանն Արցախի Ասկերան քաղաքից է։ Հայրենիքը հարկադրաբար թողնելուց հետո հաստատվել է Պտղնի գյուղում։ Հանրային սննդի սպասարկման ոլորտում մեծ փորձառություն ունեցող արցախցին Կոտայքի մարզի Արամուս գյուղում շինություն է վարձակալել, և կուտակած փորձն ու կարողություններն օգտագործելով փորձում է կրկին ոտքի կանգնել։

«Շուրջ 20 տարի Արցախում զբաղվել եմ հանրային սննդի սպասարկման ոլորտում։ Առաջին օբյեկտը կառուցել եմ Ակնայում՝ այն հիմնականում արագ սննդի համար էր նախատեսված։ Այնուհետև՝ Իվանյանում և Ստեփանակերտում եմ բացել համանման օբյեկտներ։ Իվանյանում նաև թոնրահացի փուռ ունեի»,- պատմում է Էրիկ Գաբրիելյանը։

 

էրիկի մայրը՝ Ալվարդ Գաբրիելյանը նույնպես հացի արտադրությամբ էր զբաղվում Ասկերանում։ Լիակատար շրջափակման ամիսներին փուռն աշխատում էր գերծանրաբեռնված, հովհարային անջատումներին հարմարվելով, քանի որ Ասկերանի ու հարակից բնակավայրերի բնակիչներին հաց պիտի հասցնվեր։

 

«Վերաբնակվելով Հայաստանում, ընտանիքով որոշեցինք մեր գործն այստեղ շարունակել։ Շենքը վարձակալել ենք, սեփական ուժերով ներքին հարդարման աշխատանքներ իրականացրել, բավականաչափ ներդրումներ կատարել։ Նույն տարածքում մայրս և որդիս զբաղվում են թոնրահացի, արցախյան ավանդական ժենգյալով հացի, կարկանդակների արտադրությամբ։ Նախատեսում ենք նաև խմորեղեն արտադրամաս բացել»,- ասում է գործարարը։

Քանի որ Արցախում Էրիկ Գաբրիելյանի սննդի օբյեկտը հայտնի էր որպես համով ու մատչելի՝ որոշվեց նոր օբյեկտի անունը դնել «ԷՐԻԿԻ ՄՈՏ»։

«ԷՐԻԿԻ ՄՈՏ»-ի հիմնական հաճախորդներն արցախցիներն են։ Մեծ խնջույքների համար տարածքը փոքր է, նախատեսված է 45-50 հոգու համար։ Հումքը ձեռք է բերվում գյուղերից՝ նպաստելով  գյուղմթերքի տեղում իրացմանը։Նախապատվությունը տրվում է որակին,  այլ ոչ թե գնին։

«Ժամանակ անց հուսով եմ կկարողանանք որոշ մթերքներ ինքներս արտադրել ու դառնալ ինքնաբավ թե՛ որպես տնտեսություն և՛ թե հանրային սննդի ոլորտի բարձրակարգ սպասարկող։  Առայժմ աշխատանքներն իրականացնում են 5 հոգի՝ հիմնականում արցախցիներ ու իմ ընտանիքի անդամները։ Արագ ոտքի կանգնելու համար օգտագործում ենք ողջ ներուժն ու կարողությունները։ Արդար քրտինքով հաց վաստակող ղարաբաղցու բարի համբավը միշտ բարձր պիտի պահվի, ինչքան էլ դժվարին լինեն իրավիճակներն ու ժամանակները,- զրույցն ավարտում է Էրիկը՝ օրը նոր է սկսվել, անելիքները շատ են, շտապում է աշխատանքի։

Անահիտ Պետրոսյան