Լեգեոներները սկզբում կմարզվեն «Փյունիկում»
Արտասահմանում հանդես եկող Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը եւ Լեւոն Փաչաջյանը առաջիկա օրերին կմասնակցեն իրենց նախկին թիմի` «Փյունիկի» պարապմունքներին:
Բանն այն է, որ Ուկրաինայի եւ Իրանի առաջնությունները, որոնցում հանդես են գալիս վերը նշված խաղացողները, արդեն ավարտվել են: Իրենց մարզավիճակը պահպանելու համար` ֆուտբոլիստները որոշել են մարզվել նախկին թիմակիցների հետ:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին «Փյունիկ» ակումբի մամուլի կենտրոնից, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը եւ Լեւոն Փաչաջյանը այսօր մասնակցել են «Փյունիկի» պարապմունքին: Սպասվում է, որ վաղը նրանց կմիանա նաեւ Դոնեցկի «Շախտյորում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը, որը երեկ իր թիմի կազմում դարձել է Ուկրաինայի գավաթակիր:
Ինչ վերաբերում է մեր մյուս լեգեոներներին` մասնավորապես դարպասապահ Ռոման Բերեզովսկուն եւ հարձակվող Յուրա Մովսիսյանին, ապա նրանք իրենց թիմերի կազմում պատրաստվում են Ռուսաստանի առաջնության հերթական տուրին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ընտրանու հետ խաղին նախապատրաստվելու համար մայիսի 31-ից Երեւանում կանցկացնի ուսումնամարզական հավաք: