Բացել լրահոսը Փակել լրահոսը
418834251_824684843028916_106449336112088169_n
A A
Պաշտոնական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ

Արագածոտնի մարզում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։
 
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլի Մինասյանը, Վահագն Ալեքսանյանը, Զարուհի Բաթոյանը, Մերի Գալստյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
 
Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին երկայացվել է կառավարության կողմից կատարված աշխատանքը, աջակցության ծրագրերը, ինչպես նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, որոնք դեռևս ձեռք բերած չեն լինի բնակարան, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն։
 
Քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգությունների շարքում էր ՀՀ քաղաքացիություն ստանալը և դրանից բխող իրավական հետևանքները։ Շեշտվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալիս ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացին չի զրկվում իր իրավունքներից, հետագա սոցիալական աջակցություններից։
 
Արձանագրվել է, որ այն մտահոգությունները, թե իբր բռնի տեղահանվածներին ուղարկում են միայն սահմանամերձ գյուղեր, սին են և հիմնազուրկ. յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում, այն բնակավայրը, որտեղ ցանկանում է տուն գնել կամ կառուցել։
Հնչել են գյուղական բնակավայրերում տնտեսություններ հիմնելու և հողագործությամբ զբաղվելու ծրագրերի առաջարկներ։
 
Հնչել են նաև քաղաքական հարցադրումներ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները կշարունակեն իրենց համատեղ հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ։