Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մատուցողի կողմից նույն ռեստորանի բարմենի սպանության վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում, նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, ով Երևանի բնակիչ է, բարբառով խոսելու կապակցությամբ, վիճաբանություն էր ծագել վերջինիս և նույն ռեստորանի բարմենի՝ Ար.Մ.-ի միջև, որը շարունակելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել էին հանդիպել աշխատանքի ավարտից հետո։

Արդեն օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, աշխատանքի ավարտից հետո, Ալ.Մ.-ն, իր հետ վերցնելով դանակ, դուրս էր եկել աշխատավայրից և ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, հանդիպել Ար.Մ-ի, վերջինի եղբոր և երկու ընկերների հետ։ Ռեստորանում ծագած վիճաբանությունը շարունակվել էր, ինչին միջամտել էին Ար.Մ.-ի եղբայրը և ընկերներից մեկը՝ Ա.Ս.-ն։

Վիճաբանության ընթացքում Ալ.Մ.-ն, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածել է Ար.Մ.-ի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից անմիջապես հետո, Ա.Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, նույն դանակով հարվածել էր նաև վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքից հետո Ա.Ս.-ի ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չէր հաջողվել։

Նախաքննության ընթացքում, վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ալ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե