Մեր 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել․ ովքեր բարեկամներ ունեին Ռուսաստանում, արտագաղթել են․ Այգեստանի դպրոցի տնօրեն
Աջակցիր «Ա1+»-ինԱյգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Առաքելյանի ընտանիքն առաջին անգամ չէ, որ տուն է կորցնում․
«1990-ական թվականների Բաքվի ջարդերից հետո հաստատվեցինք Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում՝ չնայած արմատներով Մարտունու շրջանից ենք: Կյանքի դժվարությունների դեմ պայքարելով՝ հարմարվեցինք նոր միջավայրին, գյուղական կյանքին: 1992 թվականին, երբ Այգեստանը շրջափակված էր թշնամու բնակավայրերով, ու մի քանի կողմից գյուղի վրա կրակ էր թափվում, գյուղը չլքեցինք։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խաթարվեց ամեն բան։ Մեծ տերությունների դաժան խաղի արդյունքում շահեցին որոշ բիզնեսմեններ ու քաղաքական գործիչներ, իսկ հասարակ ժողովուրդը կորցրեց զավակ, եղբայր, ամուսին և արյան գնով ազատագրած հայրենիքի մեծ մասը»-, հուզմունքը զսպելով՝ ասում է տիկին Առաքելյանը։
Այգեստանի միջնակարգ դպրոցում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին դասերը սովորականի պես էին ընթանում մինչև այն պահը, երբ տնօրենի զինվորական ամուսինը զանգեց և հազիվ լսելի հեռախոսազրույցի ընթացքում հրահանգեց շտապ տարհանել աշակերտներին։
«Մեկօրյա պատերազմից հետո էլ բավականին այգեստանցիներ պատրաստ էին պայքարելու, բայց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցածը փոխեց ամեն բան: Երբ վառելիքի պահեստում պայթուն եղավ, ամուսնուս հետ շտապեցինք այնտեղ՝ եղբայրներիս փնտրելու… Նման տեսարան հնարավոր էր տեսնել միայն մղձավանջային երազում կամ ֆանտաստիկ ֆիլմերում: Այդ օրն անիծեցի այդ հողը, որ այդքան ցավ ու տառապանք է բերել իմ ժողովրդին, բայց միաժամանակ առանց այդ հողի էլ չենք կարողանում ապրել»…,- ասում է դպրոցի տնօրենը։
Ծանր այրվածքներով եղբորը ուղղաթիռով տեղափոխել են Երևան:
«Փառք Աստծո, հիմա եղբորս վիճակը բավարար է»,- ասում է տիկին Առաքելյանը։
«Ցավում եմ, որ մեր դպրոցի 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել։ Իսկ ովքեր բարեկամներ ունեին Ռուսաստանում, արտագաղթել են … Ինքս աշխատում եմ նոր միջավայրին համակերպվել, դասավանդում եմ դպրոցում։ Կարծում եմ դժվարությունները դեռ առջևում են»,- մտահոգություն է հայտնում դպրոցի տնօրեն։
«Չեմ ուզում, որ իմ երեխաները ուրիշ երկրում կրթություն ստանան, սովորեն ուրիշի մշակույթը և ավանդույթները: Հուսով ենք՝ ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար ընդունելի որոշում կկայացվի՝ մեր ապագան այստեղ կազմակերպելու և հետագայում մեր պատմական հայրենիք վերադառնալու հույսով»,- ասում է նա։
Անահիտ Պետրոսյան