Բացել լրահոսը Փակել լրահոսը
1132789
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին․ Վեդանտ Պատել

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմնախնդրին հատուկ ուշադրություն է դարձնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհարժեշտ է սահմանի արագ սահմանազատում իրականացնել:

«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք հատուկ ուշադրություն դարձնել։ Սա հարց է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), այլև նրա օգնական Օ'Բրայենը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ շփվելով համապատասխան զրուցակիցների հետ»,- եզրափակել է խոսնակը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց համայնքների բնակիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում, նշել էր, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն այն է, որ պետք է թույլ չտրվի պատերազմի սկսում Ադրբեջանի հետ: Եվ այս է նաև պատճառը, որ կառավարությունը որոշել է գնալ այս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման ու դա արվում է ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովվի այդ գյուղերի անվտանգությունը։