Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում նույն քաղաքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում:

Քննությամբ պարզվել էր, որ դեպքից կարճ ժամանակ առաջ, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում, ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որը, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, շարունակվել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց։

Տվյալներ են ստացվել այն մասին, որ միջադեպին մասնակցել են մի քանի անձինք, որի ժամանակ վերջիններս, ովքեր խմբի կազմում, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը և հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, իսկ միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, վրիպել էր:

Քննչական խմբի քննիչների կողմից իրականացված հետևողական և մեծածավալ գործողություններով պարզվել են տուժողին առերևույթ ծեծի ենթարկած և նրա ուղղությամբ առերևույթ կրակոցներ արձակած մի քանի անձանց ինքնությունը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ընդհանուր 4 անձի նկատմամբ, որոնցից մեկին, ով հանդիսանում է տուժողի ուղղությամբ կրակոց արձակած անձը, մեղադրանք էր ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Եվս երեք անձանց, որոնց հայտնաբերելու ուղղությամբ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին, նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մի 1-ին կետով։

Դատարանի որոշմամբ նշված երեք անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե