Բացել լրահոսը Փակել լրահոսը
mlsa 1
A A
Պաշտոնական

Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում անցկացված քննարկման շրջանակում

Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում անցկացված քննարկման շրջանակում

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) համագործակցությամբ՝ Նյու Յորքում կայացել է «Ֆինանսական անկախություն՝ հանուն գենդերային հավասարության և աղքատության հաղթահարման. կանանց հզորացում տնտեսական ներգրավվածության միջոցով» խորագրով հարակից միջոցառումը՝ կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։

 

Քննարկումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) աջակցությամբ, որին ներկա են եղել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլ ղեկավար անձինք։

 

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԳՏՏԿ տնօերն Ամալյա Եղոյանը։ Բանախոսներն անդրադարձել են կանանց՝ աշխատաշուկայում լիարժեք ինքնաիրացման, հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում հավասար մասնակցության կարևորությանը։ Ներկայացնելով այս ուղղությամբ հայկական փորձը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է այսօրինակ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց շրջանակում կանանց հնարավորություն է տրվում ոչ միայն զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, այլև ձեռք բերել նոր գիտելիք և կայուն զբաղվածություն:

 

«Կանանց տնտեսական հզորացումը գենդերային հավասարությանը հասնելու ամենահիմնական բաղադրիչներից մեկն է: Սա բազմակողմանի աշխատանք է, որը պահանջում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերը: Հաղթահարելով մարտահրավերներն ու ստեղծելով բարենպաստ միջավայր՝ մենք կարող ենք նպաստել կանանց ողջ ներուժի բացահայտմանը՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճը»,- նշել է նախարարը։

 

Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում շեշտել է նաև ԳՏՏԿ հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։

 

Նախարարի խոսքով՝ կենտրոնի հետ համագործակցությամբ 2022-2023 թթ․ իրականացվել է «Կանանց տնտեսական հզորացում բարձր արտադրողականության ոլորտներում» ծրագիրը՝ ուղղված աշխատունակ, միայնակ մայրերի տնտեսական վիճակի և կենսամակարդակի բարելավմանը: Նախաձեռնության շրջանակում շահառուներին հնարավորություն է տրվել նախ ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ, ապա զբաղվածության ապահովման միջոցով ունենալ ֆինանսական անկախություն:

 

Ելույթի ընթացքում Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արձանագրած հաջողությունը՝ աշխատանքներ են տարվում դրա ընդլայնման ուղղությամբ․ նախատեսվում է միջոցառման շրջանակում ընդգրկել առավել մեծ թվով շահառուների՝ Հայաստանի բոլոր մարզերից:

 

 

 

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ