Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաղթանակը նվիրել եմ Շուշիի ազատագրմանը»

Սպորտ
6ba2c27d539394111537ada4c430aedd

«Մայիսի 7-ին տարած իմ հաղթանակը ես նվիրել եմ Շուշիի ազատագրմանը: Այդ պահին անչափ ոգեւորված էի Վիկ Դարչինյանի արարքից, որը իր գոտու վրա գրած տարեթվով (1915) անդրադարձել էր Մեծ եղեռնին: Մարզիկները նույնպես պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ի վերջո ճանաչի հայոց ցեղասպանությունը» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց IBF վարկածով կիսածանր քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոն Կարո Մուրադը:

28-ամյա բռնցքամարտիկը Հայաստան է ժամանել անձնական գործերով: «Վերջին անգամ Հայաստանում եղել էի 2009 թվականին: Այստեղ ես հիմնականում հոգեպես եմ հանգստանում: Ֆիզիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ ամեն օր բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում»:

Խոսելով իր անձնական կյանքի մասին` Կարո Մուրադը խոստովանեց, որ դեռ ամուսնացած չէ, սակայն արդեն ընտրություն կատարել է այդ հարցում: «Իմ ընկերուհին Հայաստանից է: Նախկինում եղել է թենիսիստուհի, բայց այժմ չի զբաղվում մեծ սպորտով»:

Անդրադառնալով իր թիմակից Արթուր Աբրահամի պարտությանը (մեր երկու հայրենակիցները հանդես գալիս գերմանական Sauerland Event պրոմոուտերական ընկերության թիմում), Կարո Մուրադը ասաց, որ Արթուրին պարզապես չհաջողվեց որսալ հարմար պահը` հուժկու հարված հասցնելու համար, քանի որ մրցակիցն անընդհատ շարժվում էր եւ խույս տալիս հարվածից:

Կարո Մուրադը առաջիկա իր մենամարտը պետք է անցկացնի օգոստոսի վերջին: «Առայժմ հայտնի չէ ոչ մրցամարտի օրը, ոչ էլ` մրցակիցը: Սակայն այդ մարտը շատ կարեւոր է իմ համար, քանի որ հաղթելու դեպքում ես իրավունք կստանամ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար, ինչին եւ ձգտում եմ հասնել»:

Հավելենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը արդեն վաղը մեկնելու է Բեռլին եւ սկսելու է պատրաստվել օգոստոսյան մրցամարտին: